ԵՄ-ի եւ Հայաստանի հարաբերությունների խորը առաջընթացի համար որոշվել է համագործակցության օրակարգ պատրաստել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԵՄ արտաքին եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի նսիտին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Հայաստանի արտգործնախարարության ղեկավարն այսօր ասել է, որ իր երկիրը պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի մեծ մերձեցման։ Այսօր որոշեցինք համագործակցության օրակարգ պատրաստել։ Սա ճանապարհային քարտեզ կլինի մեր հավակնոտ հարաբերությունների հետագա առաջընթացի համար»,-ասել է Բորելը։
Նա նաեւ նշել է, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանի տրանսպորտի, կապի եւ էներգետիկ անվտանգության ոլորտում կայունության բարձրացմանը, ինչպես նաեւ Հայաստանի մասնակցությանը Սեւծովյան կանաչ միջանցքին եւ տարածաշրջանային կապի այլ նախագծերին։
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը նաեւ ընդգծել է, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկել է փետրվարի 13-ի առավոտյան Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա ադրբեջանական սադրիչ հարձակումների մասին։
«Դա կրկին ցույց է տալիս ուժերի հեռավորության պահպանման հրատապ անհրաժեշտությունը, մի բան, որը Եվրամիությունը երկար ժամանակ քարոզում է», — ասել է Բորելը:
Բորելը նաեւ հավելել է, որ ԵՄ-ն հավատարիմ է Հարավային Կովկասում հարատեւ եւ կայուն խաղաղության հասնելուն՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության վրա։