2013-ի փետրվարի 13-ին Սերժ Սարգսյանը Մարտունի քաղաքում ընտրողներին զգուշացնում է, որ եթե ընտրություններին չգնան, ապա երկրի տեր կդառնան անարժան մարդիկ: «Նրանք, ովքեր սովոր են հանձնել ու խլել, ստորանալ ու ստորացնել, ովքեր ցանկանում են ուղղորդել մեր յուրաքանչյուր արարքն ու մեր փոխարեն որոշել ամեն բան»,- բառացիորեն ասում է պետության առաջին դեմքը:
ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը «Հայաստանի այսօրն ու վաղը» քննարկման ժամանակ սխալ է որակում հայաստանի միանալը ԵԱՏՄ-ին Ռուսաստանի հանդեպ վախերի պատճառով: «Ռուսաստանն այլեւս ապագա չունի, Ռուսաստանի գնացքը գնացել է»,- մարգարեանում է Արզումանյանը։
ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսն ամենեւին անակնկալի չի եկել նախորդ գիշերը Գագիկ Ծառուկյանի հասցեին Սերժ Սարգսյանի կոպիտ եւ վիրավորական արտահայտություններից: «Ես ինքս ԱՄՆ Լուիզիանա նահանգից եմ, որտեղ քաղաքական դաշտում ընդունված է միմյանց վատ բառերով դիմել»,- լրագրողներին ասում է դեսպանը:
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը մեծ ցավ չի ապրում, որ շուտով իր պաշտոնին նշանակվելու է դաշնակցական Լեւոն Մկրտչյանը: Ինքը նույնպես այս պաշտոնը դաշնակցականից է «ստացել»: «Դաշնակցության բերած, դաշնակցության տարած»,- ասում է նախարարը:
ԱԺ ընտրություններով իշխանության գալու դեպքում Սեյրան Օհանյանը պատրաստ է բացահայտելու նույնիսկ մարտի 1-ը: «Ինչո՞ւ միայն մարտի 1-ը։ Ուրեմն՝ եթե գործեր կան, որ չբացահայտված են եւ օրինապահ մարմիններն զբաղվում են, պետք է մենք հասցնենք մինչեւ վերջ»,- ասում է 2008-ի մարտի 1-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։
ՀՀ կրթության ու գիտության ՀՅԴ-ական նախարարը մեծ առավելություններ է տեսնում այն բանում, որ Հայաստանը փոքր երկիր է: «Ի վերջո կարող ենք Հայաստանի Հանրապետությունը դիտարկել որպես մեկ գիտակրթական տարածք, որտեղ գործում են բազմաթիվ հաստատություններ, որոնք ապահովում են ուսանողների ազատ շրջագայությունը այդ տարածքում»,- ասում է Լեւոն Մկրտչյանը:
Real TV-ի հետ զրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասում է, որ Ադրբեջանը երբեք չի հաշտվելու իր տարածքների օկուպացիայի հետ: «Այսօր Ադրբեջանը առավելություն ունի թե՛ բանակցային սեղանի շուրջ, թե՛ մարտի դաշտում: Միջազգային հեղինակավոր կառույցներից շատերը մեր դիրքորոշումն են պաշտպանում»,- ասում է Իլհամ Ալիեւը:
Վերաքննիչ քրեական դատարանն ընդունում է գլխավոր դատախազության բողոքը՝ վերականգնել «Առագաստ» սրճարանի զուգարանում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի ձեռամբ Պողոս Պողոսյանի սպանության գործի քննությունը: «Մենք հաստատված համարել ենք, որ Աղամալ Հարությունյանը միայնակ չի կատարել այդ հանցագործությունը, այլ մի խումբ անձինք եւս մասնակցել են իր հետ՝ Պողոս Պողոսյանին ծեծի ենթարկելուն»,-ասում է դատախազ Հայկ Խաչատրյանը:
Արցախի նախագահն առաջին անգամ հանդիպում է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ: Հանդիպման հիմնական թեման հայ գերիներն են: «Ավելին ասել չեմ կարող։ Հանդիպումը տեղի է ունեցել այն տարածքում, որը այս պահին ռուսական խաղաղապահների վերահսկողության տակ է»,- ասում է Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:
Ղարաբաղի պետնախարար Արտակ Բեգլարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է՝ շարունակում ենք Արցախի պետականաստեղծման գործընթացը: «Արցախը պատմական Հայաստանի այն բացառիկ տարածքներից է, որտեղ հայ ազգի ձեւավորումից ի վեր՝ շուրջ 3,000 տարի անընդմեջ հայերը եղել են ճնշող մեծամասնություն եւ ունեցել են ինքնիշխանության շարունակական ընթացք ու ավանդույթներ: Այդ պատմական իրականությունը չի փոխվելու նաեւ ապագայում՝ մեր վճռական ու արդար պայքարի շնորհիվ»,- գրում է պարոն Բեգլարյանը:
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Մոսկվայում հանդիպում է Ադրբեջանի Մեջլիսի ղեկավար Սահիբա Գաֆարովային: Թեման Լեռնային Ղարաբաղն է: Ռուս պաշտոնյան Եվրախորհրդարանին եւ ԵԽԽՎ-ին զգուշացնում է հեռու մնալ տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը ներգրավելու փորձերից՝ հիշեցնելով, թե, իբր, ինչի է հանգեցրել նրանց գործունեությունը Ուկրաինայում: