Հայաստանում հացահատիկի խիստ կրճատված ցանքատարածություններն ավելացնելու նպատակով 2022 թվականին Կառավարությունը սուբսիդավորման ծրագիր իրականացրեց. գյուղացին ցորեն ցանելու համար ոչ թե սերմացու կամ դիզվառելիք, այլ գումար ստացավ:
Հավաստագրված սեմացուով ցանք կատարող հողօգտագործողը 120 հազար, իսկ իր ունեցած կամ հարեւանից գնած՝ ոչ լիցենզավորված սերմացու ցանողը 70 հազար դրամ ստացավ՝ մեկ հեկտարի համար:
Ծրագիրն իր դրական արդյունքը տվեց. միայն Շիրակի մարզում 2023 թվականին շուրջ 5000 հեկտարով ավելացան ցորենի ցանքատարածությունները՝ հասնելով 17481 հեկտարի:
Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման՝ 2022 թվականի պետական աջակցության ծրագրի շրջանակում Շիրակի մարզի 7000-ից ավելի հողօգտագործողներին 1,3 միլիարդ դրամ հատկացվեց:
Թեեւ հավաստագրված սերմերով ցանք անելու համար գյուղացին ավելի մեծ գումար կստանար, բայց ճնշող մեծամասնությունը նախընտրել էր անհայտ ծագման կամ իր ունեցած սերմը ցանել:
2023 թվականին, երբ սուբսիդավորման ծրագիրը դադարեց, հացահատիկի ցանքատարածությունները կրկին կտրուկ նվազեցին՝ գրեթե այնքանով, որքանով ավելացել էին:
Ինչ է սպասվում այս տարի, կկանգնի՞ Կառավարությունը գյուղացու կողքին, թե՞ կթողնի պարտքերի ու բնության արհավիքների հետ մենակ:
Շիրակի մարզպետի աշխատակազմից, դեռ ոչ վերջնական, բայց հավանական ծրագրի մասին են տեղեկացնում։ Բուսաբուծության զարգացման ծրագրի շրջանակում Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվում է հացահատիկի հավաստագրված սերմերով ցանք անելու համար մեկ հեկտարի համար 100 հազար դրամ սուբսիդավորելու նախագիծ: Մինչեւ ընթացիկ ամսվա ավարտը այն կուղարկվի Կառավարության հաստատմանը:
«Լավ կլիներ, որ ոչ միայն հավաստագրված, այլեւ տեղական արտադրողի սերմացուով ցանքը սուբսիդավորվի»,-դժգոհություն են հայտնում փոքր հողատարածքներ ցանող եւ քիչ սերմացու վաճառող տնտեսվարողները: Ըստ նրանց՝ ամբարներում կուտակած սերմացուն չի վաճառվի, վաճառվելու դեպքում էլ՝ դժվար ձեռք բերած բերքը շատ էժան կիրացվի: Ասում են՝ կրկին տուժողը գյուղացին է, շահողը՝ խոշոր ֆերմերն ու սերմացու ներկրող բիզնեսմենը:
Սերմարտադրող, ինչպես նաեւ ներկրող Վարդան Ղազարյանը հավաստագրված սերմով ցանք կատարողին խրախուսելու կողմնակից է: Ասում է՝ ամբարի տակի 100 տարվա սերմը մաղում, ցանում են, անտեղի ծախս անում, արդյունք չեն ստանում: Այդպես ե՛ւ պետության ներդրումն է փոշիանում, ե՛ւ գյուղացու աշխատանքն է ջուրը լցվում:
Անցնող տարիների փորձի վրա հիմնված է հորդորում, որ գյուղացին որակյալ սերմ գնի, այլապես ստացվում է, դեռ չցանած՝ դատապարտված է բերք չստանալու:
Մինչ խոշոր ու մանր գյուղատնտեսները կողմ ու դեմ են արտահայտվում Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությանը, մնում է սպասել եւս երկու շաբաթ, վերջնական համոզվելու համար, որ հացահատիկի սուբսիդավորման ծրագիրը կհաստատվի Կառավարության կողմից:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։