Ադրբեջանի արտգործնախարարությունը արձագանքել է փետրվարի 13-ին Բրյուսելում մեկնարկած ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստից հետ Արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի հնչեցրած հայտարարություններին։
«Ափսոսանքով նշում ենք, որ, չնայած Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի խաղաղասիրական նախաձեռնություններին, Արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության բարձր հանձնակատարը, միակողմանի հայանպաստ դիրք գրավելով, պատնեշ է ստեղծում Ադրբեջանի եւ Եվրամիության կառույցների միջեւ, հետւեաբար, իրեն լիովին մեկուսացնում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացից»,-ասվում է Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարության տեքստում։
Հիշեցնենք, որ Բորելը ցավալի էր համարել փետրվարի 12-ին հայկական կողմի կրակոցից ադրբեջանցի զինվորականի վիրավորման փաստը եւ նշել, որ փետրվարի 13-ի առավոտյան ադրբեջանական կողմի պատասխանն էլ եղել էր անհամաչափ։
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը նաեւ կարեւոր էր համարել հայկական եւ ադրբեջանական զորքերի միջեւ որոշակի հեռավորության պահպանումը։
«Միաժամանակ եւս մեկ անգամ ընդգծում ենք, որ ափսոսանք է պատճառում զինված ուժերի հետ քաշման վերաբերյալ Եվրամիության բարձր ներկայացուցչի առաջարկը, որը գործնական նշանակություն չունի»,-ասվում Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարության տեքստում։
Ավելին, ադրբեջանական կողմը նույնիսկ «վարձկաններ» որակելով ՀՀ սամանին տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը փաստացի պահանջ է ներկայացրել նրանց հեռացման համար։
«ԵՄ կողմը պետք է հաշվի առնի, որ «ԵՄ առաքելության հովանու ներքո» տեղակայված վարձկանները վտանգ են ներկայացնում ադրբեջանական զինվորականների եւ քաղաքացիական բնակչության կյանքի համար»,-ասվում է Ադրբեջանի արտաքին գերատեսչության հայտարարության տեքստում։