ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստին մասնակցելու նպատակով այս օրերին Բրյուսելում գտնվող ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով օգնական եւ Կովկասի ու Կենտրոնական Ասիայի գծով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ։ Այս մասին հայտնում է Միրզոյանը իր X-ի գրառման մեջ։
«Բրյուսել կատարած իմ այցի ընթացքում մտքերի օգտակար փոխանակում ունեցա ՆԱՏՕ-ի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի գծով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ։ Քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները և իրավիճակը ապակայունացնելու փորձերը: Եւս մեկ անգամ ներկայացրել եմ մարտահարվերները հաղթահարելու մեր տեսլականը։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության հետագա ամրապնդմանն ուղղված մեր ջանքերին»,-ասվում է ՀՀ ԱԳ նախարարի գրառման մեջ։
Նմանատիպ գրառումով հանդես է եկել նաեւ Կոլոմինան։
«Ուրախ եմ Բրյուսելում հանդիպել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ Երեւան կատարած իմ վերջին այցից հետո: Քննարկել ենք ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ համագործակցությունը։ Ողջունել ենք ՆԱՏՕ-ԿՖՕՌ-ի մեջ (ՆԱՏՕ-ի գլխավորած միջազգային ուժը, որը պատասխանատու է Կոսովոյում կայունության ապահովման համար) նարնց ունեցած մեծ ավանդը եւ քննարկել ենք տարածաշրջանային անվտանգությունն ու Ադրբեջանի հետ բանակցությունները»,-ասվում է Կոլոմինայի գրառման մեջ։