Ադրբեջանի ղեկավարության նկատմամաբ պատժամիջոցների բացակայությունը նոր հանցագործություններ է հրահրում։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադարձ կատարելով փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղի ունեցած միջադեպերին։
«Երբ քո նկատմամբ պատժամիջոց չեն կիրառում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացիայի, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ ագրեսիվ չհրահրված պատերազմի եւ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության՝ իրենց պապենական հողերից եւ տներից էթնիկ զտումների համար, այդ դեպքում դու ագրեսիվ հարձակվում ես հարեւանիդ վրա՝ սպանելով ավելի շատ խաղաղ մարդկանց: Խոսքս Ադրբեջանի ղեկավարության մասին է, որը ակնարկում է, որ անպատժելիությունը նոր հանցագործություններ է հրահրում»,- ասվում է գրառման մեջ: