Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստակամ է Սաուդյան Արաբիայի հետ անվտանգության եւ պաշտպանության ոլորտում համագործակցության շուրջ բանակցություններ սկսելու համար։
Այս մասին Աշտիանին հայտարարել է Իրանում Սաուդյան Արաբիայի դեսպան Աբդուլլահ բեն Սաուդ ալ-Անզիի հետ փետրվարի 13-ին կայացած հանդիպման ժամանակ։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը լիովին պատրաստ է Սաուդյան Արաբիայի եւ Պարսից ծոցի տարածաշրջանի այլ երկրների հետ համատեղ պաշտպանության եւ անվտանգության բանակցություններ վարելուն»,-ասել է նախարարը։
Աշտիանին նաեւ ընդգծել է տարածաշրջանային եւ հարեւան պետությունների կողմից հավաքական անվտանգությունը առանց կողմնակի ուժերի ներկայության ապահովելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքերով ռազմական, անվտանգության, հետախուզության եւ տեխնիկական ոլորտներում կողմերի համագործակցությունը, ինչպես նաեւ ռազմական եւ անվտանգության որլորտներում սերտ փոխգործակցությունը կամրապնդեն տարածաշրջանի կայունությունը։
Սաուդցի դիվանագետն էլ Իրանին եւ Սաուդյան Արաբիային եղբայրական երկրներ անվանելով վստահություն է հայտնել, որ պատվիրակությունների փոխանակումը եւ փոխայցելությունները կնպաստեն պաշտպանության նախարարությունների միջեւ համագործակցությանը: