Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններում մի թեմա կա, որն առայժմ լուրջ ուշադրության չի արժանանում. կառավարման համակարգը… չփոխելու թեման է:
Ճիշտ է, հռչակագիրը նոր Սահմանադրության միջից դուրս բերելը եւս սահմանադրական փոփոխություն նախաձեռնելու թեմա է, բայց միայն դրանով դժվար թե սահմանափակվի իշխանությունը:
Եվ այսպես, ի՞նչ է նշանակում կառավարման համակարգը… չփոխել՝ Սահմանադրությունը փոխելիս:
Ամեն ինչ այդքան միանշանակ չէ: Ըստ ամենայնի, կառավարմանը վերաբերող ինչ-որ բան փոխվելու է։ Սահմանադրությունից դուրս է մնալու կայուն մեծամասնության դրույթը, փոխարենը մտցվելու է դրույթ, ըստ որի պարզ մեծամասնություն (ենթադրենք 29 տոկոս) հավաքող քաղաքական ուժը հնարավորություն է ստանում ձեւավորել կառավարություն կոալիցիոն համագործակցության սկզբունքով:
Սա ենթադրում է, որ նոր սահմանդրությունը կնախատեսի փոփոխություն, որով Ընտրական օրենսգրքում կիջեցվի ԱԺ մտնելու համար կուսակցություններից պահանջվելիք անցողիկ շեմը, ենթադրենք հինգ տոկոսից կդառնա երեք:
Սա Փաշինյանի ինչի՞ն է պետք:
Փաշինյանը գիտի, որ հավերժ չէ, հետեւաբար գիտի, որ քանի դեռ իշխանությունը ձևավորվում է կայուն մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի միջոցով, մյուս քաղաքական ուժերը ոչ մի դեր չունեն այդ խորհրդարանում, նա հիմա էլ է դա տեսնում:
Բացի դրանից՝ ինքն իր վրայից դեն է նետում Սերժ Սարգսյանի «սուպերվարչապետական կոստյումը», որը երրորդ նախագահի համար կարել էր Հրայր Թովմասյանը: Այդ կոստյումից ազատվելով՝ Փաշինյանը հնարավորություն է ստանում կրկին շարունակել գլխավորել կառավարությունը՝ արդեն ավելի քիչ քվեներով, որոնց հավանականության մասին մի քանի օր առաջ խոսել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ընդդիմության վարկանիշի մասին խորհրդարանում նա ասել էր. «Եթե նոր ընտրություններ լինեն, ես չգիտեմ՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը կարող է շատ քիչ ձայն հավաքի»: Կարող է շատ քիչ ձայն հավաքի, բայց եթե հավաքի, ասենք, 25-30 տոկոս, բավարար կլինի նորից ձեւավորելու կառավարություն:
Սա կոչվում է «փոքրամասնության կառավարություն», երբ ընտրողների 100 տոկոս մասնակցության դեպքում կառավարության ղեկավար է դառնում, ասենք, 30 տոկոս հավաքած քաղաքական ուժի ղեկավարը:
Եթե չեմ սխալվում, սա կառավարություն ձեւավորելու իսրայելական փորձն է, որն այդ երկրին 100 տոկոսով երաշխավորում է բռնապետություն դառնալու ռիսկից, եթե, իհարկե, ժողովուրդը չի բռնում ու մի 70 տոկոս քվե տալիս կոնկրետ քաղաքական ուժի:
2009-ին Նաթանյահուի «Լիկուդ»-ը հավաքեց քվեների 27 տոկոսը, իսկ նախկին արտգործնախարար Ցիպի Լիվնիի գլխավորած «Կադիման» հավաքել էր 28 տոկոս, բայց նախագահ Շիմոն Պերեսը մեկ տոկոս պակաս հավաքած Նաթանյահուին առաջարկեց ձեւավորել կառավարություն:
Այսպիսի փոփոխությամբ Փաշինյանը կլուծի եւս մի քանի տարի իշխանությունը պահելու հարց: Բնականաբար, այս փոփոխության խոցելի կողմն այն է, որ Հայաստանն այնուամենայնիվ մնում է քաղաքական ուժերի կայացվածության առումով խոցելի երկիր: Եվ Նիկոլ Փաշինյանն այդ իմաստով ունի քաղաքական այլընտրանքի «սով», քաղաքական լուրջ մրցակիցներ դեռեւս չկան: Բայց այս մասին հաջորդ հոդվածում:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: