Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվան ավելի շուտ կնախընտրեր ԱՄՆ նախագահի պաշտոնում տեսնել Ջո Բայդենին, քան Դոնալդ Թրամփին։
Հարցազրույցի ընթացքում Զարուբինը հարցրել է Պուտինին․ «Ո՞վ է մեզ համար ավելի լավ՝ Բայդենը, թե Թրամփը»։
Ի պատասխան ՌԴ նախագահը նշել էր․ «Բայդենը։ Նա ավելի փորձառու մարդ է, կանխատեսելի է, հին կազմավորման քաղաքական գործիչ է։ Բայց մենք կաշխատենք ԱՄՆ-ի ցանկացած առաջնորդի հետ, ում իր վստահությունը կտա ամերիկացի ժողովուրդը»։
Լրագրողի այն հարցին թե ինչպե՞ս է նա վերաբերվում Բայդենի առողջական վիճակի վատթարացման մասին տեղեկություններին, Պուտինը նշել էր, որ դա կարող է ի հավելում այլ բաների կապված լինել նաեւ ԱՄՆ-ում ընթացող նախընտրական քարոզարշավի հետ։
«Կարծում եմ՝ ԱՄՆ-ում ներքաղաքական քարոզարշավն ու նախընտրական քարոզարշավը մեծ թափ է հավաքում։ Այն ձեռք է բերում ավելի ու ավելի սուր ձևեր։ Եվ մեր կողմից այս գործընթացին միջամտելը տեղին չէ։ Տեսեք, ես հանդիպել եմ Բայդենի հետ Շվեյցարիայում, դա երեք տարի առաջ էր։ Այն ժամանակ էլ ասում էին, որ նա անկարող է։ Ես նման բան չտեսա։ Դե, իհարկե, նա նայում էր իր թղթին, ես էլ նայեում էի իմին։ Ոչ մի նման բան։ Իսկ այն, որ նա ինչ-որ տեղ, ուղղաթիռից իջնելուց գլխով հարվածել է, դե… իսկ մեզանից ով գլուխը ինչ-որ տեղ չի հարվածել, թող նա առաջինը քար նետի նրա վրա»,-ասել է ՌԴ նախագահը։