ՀՀ Կառավարության որոշմամբ Արտաքին գործերի նախարարությունը Ֆրանսիայում ձեռք կբերի նոր դեսպանության շենք։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ հայտնում է ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Դավիթ Կարապետյանը։
Նրա փոխանցմամբ դեսպանատան համար նախատեսված նոր շենքը, որի արժեքը կազմում է 23 մլն եվրո, գտնվում է Փարիզի 16-րդ թաղամասում, ունի 1226 քմ աշխատանքային տարածք եւ շուրջ 500 քմ այգի։
«Մոտ երեք տասնյակ շինություններ դիտարկելուց հետո ընտրությունը կանգնեց Փարիզի 16-րդ թաղամասում գտնվող, պատմամշակութային նշանակության այս շենքի վրա, որը նախկինում հանդիսացել է Ֆրանսիայի 5-րդ հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ’Էստենի առանձնատունը իր նախագահության տարիներին (1974-1981 թթ), որտեղ նա բնակվել է 1956 թ-ից մինչ իր կյանքի ավարտը։ Ֆրանսիայի համար պատմական նշակություն ունեցող շատ որոշումնր կապվում են նրա անվան հետ։
Շինությունն իր եզակի եւ ուրույն ճարտարապետության հանգամանքով պայմանավորված գրանցված է Փարիզի ճարտարապետական եւ պատմական հուշարձանների ցանկում եւ գտնվում է պետական պահպանության ներքո։
16-րդ թաղամասը համարվում է Փարիզի ամենաշքեղ եւ բարվոք թաղամասերից մեկը, որտեղ տեղակայված են 100 օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններ, որոնց թվում 70-ից ավելի դեսպանություններ»,-ասվում է Կարապետյանի գրառման մեջ։