Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին փետրվարի 15-ին Թեհրանում ընդունելով Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հայտարարել է, որ Իրանը դեմ է խնդիրների լուծման պատրվակով տարածաշրջանում այլ ուժերի ներկայությանը։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Ռաիսին հավելել է, որ արտաքինի ներգրավվածությունը տարածաշրջանային խնդիրներին ոչ միայն լուծումներ չի տա, այլ ավելի լուրջ ու նոր մարտահրավերներ կբերի։
Թեհրանի եւ Երեւանի միջեւ հարաբերությունները որակելով որպես պատմական, բարեկամական եւ կառուցողական Իրանի նախագահը ընդգծել է, որ Թեհրանը կարեւորում է Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության պահպանումը։
Ռաիսին նաեւ ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցություններին ուղղված ջանքերը՝ հայտնելով տարածաշրջանի ռազմավարական անվտանգության ապահովման հարցում Իրանի պատրաստակամությունը՝ դրանում հաշվի առնելով Իսլամական Հանրապետության կարմիր գծերը։