Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն X սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ հայտնել է, որ մերժում է Պաղեստին պետության ճանաչման միջազգային ծրագրերը՝ նշելով, որ նման նախաձեռնությունը «հսկայական պարգեւ կլինի» ահաբեկչության դիմաց։
Կառավարության նիստում ես հստակեցրել էմ իմ դիրքորոշումը Իսրայելին Պաղեստին պետություն պարտադրելու մասին վերջին խոսակցությունների վերաբերյալ։
Իմ դիրքորոշումն ամփոփվում է հետեւյալ երկու նախադասության մեջ.
1․ Իսրայելը բացահայտորեն մերժում է պաղեստինցիների հետ մշտական կարգավորման վերաբերյալ միջազգային թելադրանքները: Նման պայմանավորվածություն ձեռք կբերվի միայն կողմերի միջեւ ուղիղ բանակցությունների միջոցով՝ առանց նախապայմանների։
2․ Իսրայելը կշարունակի ընդդիմանալ պաղեստինյան պետության միակողմանի ճանաչմանը։ Հոկտեմբերի 7-ի ջարդից հետո նման ճանաչումը հսկայական պարգեւ կլինի նախադեպը չունեցող ահաբեկչության համար եւ կկանխի ցանկացած ապագա խաղաղ կարգավորում:
Ընդգծենք, որ Նեթանյահուի նման հայտարարությունը հաջորդում է ավելի վաղ Իսրայելի անվտանգության հարցերով նախարար Իտամար Բեն Գիվիրի եւ ֆինանսների նախարար Բեցելել Սմոտրիչի կողմից Պաղեստին պետության ճանաչման մերժման մասին հայտարարություններին։
Ընդգծենք, որ ամերիկյան The Washington Post պարբերականը հղում կատարելով մի քանի արաբ եւ ամերիկացի դիվանագետներից անանունության պայմանով ստացված տեղեկություններին գրել էր, որ ԱՄՆ-ն որոշ արաբական երկրների հետ համատեղ մշակում է Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ երկարաժամկետ խաղաղության համապարփակ ծրագիր, որը ներառում է նաեւ Պաղեստին պետության ստեղծման հստակ ժամանակացույց։
Պաղեստին պետության ճանաչումով հակամարտության կարգավորման մասին իսրայելացի պաշտոնյաների հերքումները հաջորդում են The Washington Post-ի հրապարակմանը։