Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Ուկրաինայի հետ սահմանային շրջաններում հակաահաբեկչական գործողության անցկացման եւ դիվերսանտների ձերբակալման մասին։ Այս մասին հայտնում է «СБ. Беларусь сегодня» պարբերականը։
Լուկաշենկոն նշել է, որ սահմանին ձերբակալված դիվերսանտները փորձել են պայթուցիկներ տեղափոխել Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի տարածք՝ դիվերսիա իրականացնելու նպատակով։
«Հենց այսօր Ուկրաինայի սահմանին մի քանի դիվերսանտ է ձերբակալվել։ Ուկրաինայի քաղաքացիներից մի քանիսը ճահիճներով սողացել են դեպի մեր սահմաններ եւ անօդաչու սարքերի օգնությամբ պայթուցիկներ տեղափոխել՝ դիվերսիա իրականացնելու համար, հիմնականում՝ Ռուսաստանի եւ Բելառուսի տարածքում»,-ասել է Բելառուսի նախագահը։
Լուկաշենկոն հավելել է, որ դիվերսանտների՝ Բելառուս մուտք գործելու փորձերի հետ կապված միջադեպերը տեղի են ունենում շաբաթական մինչեւ երեք անգամ։
«Չեկիստա-զինվորական գործողությունը [ուղղված դիվերսանտներին չեզոքացնելուն] հենց նոր ավարտվեց։ Բոլոր դիվերսանտները բերման են ենթարկվել, որոնց թվում եղել է բելառուս»,-ասել է Բելառուսի նախագահը։