2013 թվականի փետրվարի 17-ին հայտնի է դառնում, որ ԿԸՀ կայքի ընտրողների ռեգիստրի տվյալներով ՀՀ նախագահի նստավայրում՝ Բաղրամյան 26-ում, ապրում է 55 ընտրող: Ոստիկանությունը չի էլ կասկածում, որ ամեն ինչ ճիշտ է. «Ընտրողները հանդիսանում են Բաղրամյան 26 հասցեի եռահարկ բազմաբնակարան բնակելի շենքի բնակիչներ, որոնք իրավաչափորեն ընդգրկված են ընտրացուցակում»:
ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանին ՀՀԿ-ն այլեւս հետաքրքիր չէ: Ուստի նա պահանջում է ՀՀԿ-ական կառավարության հրաժարականը: Իսկ ՀՀԿ-ական նախագահի հրաժարակա՞նը: «Նախագահինը՝ ոչ»,-ասում է սկզբունքային ընդդիմադիրը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ափսոսում է, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին երկար տարիներ թույլ են տվել լավ զգալ, «հիմա էլ ուզում է տիրի երկիրը»: Վերջ, այլեւս չեն հանդուրժելու Ծառուկյանին: «Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ հաշտություն հնարավոր չէ, հնարավոր է զինադադար, ինչպես սիրո մեջ»,- ասում է Վահրամ Բաղդասարյանը:
Դատարանը 600 հազար դրամի տուգանք է նշանակում Գյումրիում սահմանադրական հանրաքվեին ուրիշի փոխարեն քվեարկած Ամասիայի բնակիչ Էմիլ Եֆրեմովին: Ընտրակեղծարարր դատարանում ընդունում է մեղքը: «Ուղղակի չգիտեի, որ չի կարելի, Ամասիայից ոտքով եմ եկել»,- ասում է մեղադրյալը:
ԱԺ ընտրություններին ընդառաջ աղքատության դեմ անհաշտ պայքար սկսած Սեյրան Օհանյանը աչքն էլ չի թարթի ասելու համար, թե ի՞նչ միջոցներով է շքեղ առանձնատուն ձեռք բերել Վահագնի թաղամասում: «Վահագնի թաղամասում իրոք Վահագն Հովնանյանի կողմից տարիներ առաջ 2008-ին նվիրվել է մեկ հողակտոր, որն այլեւս իմը չէ: Այսօր ես Վահագնի թաղամասում բնակվում եմ վարձով»,- ասում է պաշտպանության նախկին նախարարը:
«Լուսավոր Հայաստանի» համագումարին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իշխողներն ուզում են Հայաստանի Հանրապետությունը դնել բրեժնեւյան ճահճացման մեջ: «Չհուսահատվեք, ժողովուրդ ջան, որովհետեւ ելք կա»,- ազդարարում է ընդդիմադիր Փաշինյանը:
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Մյունխենի Անվտանգության միջազգային համաժողովում բարձր տրամադրություն ունի՝ նա ցանկացած պահի կարող է հանդիպել ադրբեջանցի իր գործընկերոջը: «Մենք կարող ենք դեռ հանդիպել միջանցքներում: Մենք որեւէ խնդիր չունենք արտգործնախարար Մամեդյարովի հետ ոտքի վրա հանդիպելու, բարեւելու»,- ասում է ԱԳ նախարարը:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում կիսվում է Փաշինյան-Ալիեւ մյունխենյան քննարկման տպավորություններով: «Եթե Ադրբեջանն ինչ-որ փուլում մտածում էր ինչ-որ տեղ ինչ-որ բան փորձի անել, իմ գնահատմամբ այդ պահն առնվազն հետաձգվեց: Գուցե սուբյեկտիվ բան եմ ասում, բայց այս խոսակցությունից հետո իրենց համարձակությունը, պատրաստակամությունը որեւիցե ռազմական քայլի դիմելու շատ քիչ է լինելու»,- ասում է Ալեն Սիմոնյանը:
Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի հինգ խմբակցություններից երեքի՝ «Ազատ հայրենիք ՔՄԴ»-ի, «Արդարության» եւ «Միասնական հայրենիքի» պատգամավորներն առաջարկում են Ղարաբաղում ռուսերեն լեզվին տալ պաշտոնական, բայց ոչ պետական կարգավիճակ: «Մենք պարզապես տալիս ենք նաեւ հնարավորություն որոշ շրջանակներում որպես պաշտոնական լեզու օգտագործել ռուսերենը։ Մենք չենք փոխարինում հայերենը ռուսերենով»,-ասում է նախագծի հեղինակ, «Ազատ հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը:
Լրագրողները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից հետաքրքրվում են, թե ինչ է մտածում Ռուսաստանի հետ ընդհանուր Միութենական պետություն դառնալու մասին: «Եթե դու գնում ես այս տարածաշրջանում գործոն դառնալու ուղղությամբ, քո համբավը վերականգնելու եւ այն պետությունը լինելու, որի հետ հաշվի են նստելու այս տարածաշրջանում, պետք է լուծումներ գտնես։ Հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել այդ Միութենական պետության շրջանակներում»,- ասում է Ռոբերտ Քոչարյանը:
ՌԴ ԱԳՆ-ն անդրադառնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԱՄՆ ջանքերին: «Եթե ինչ-որ մեկը խափանել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով Մինսկի խմբի գործունեությունը, ապա դա Արեւմուտքն է՝ ԱՄՆ գլխավորությամբ։ Մինսկի խմբի ձեւաչափն ուղարկվել է պատմության աղբավայր այն բանից հետո, երբ ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահները հորինված պատճառաբանությամբ դադարեցրել են 2022 թվականի փետրվար ամսին ռուսաստանցի գործըներոջ հետ փոխգործակցությունը»,-հայտարարում է Մարիա Զախարովան:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: