Մարտի 1-ից մի շարք դեղեր գնելու համար անպայման էլեկտրոնային դեղատոմս է անհրաժեշտ։ Այս սահանափակումը վերաբերում է հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերին, իմունային շիճուկներին եւ իմունոգլոբուլիններին, պատվաստանյութերին եւ միզոպրոստոլ պարունակող դեղերին։
2016-ի դեկտեմբերին ընդունված «Դեղերի մասին» օրենքով սահմանված է, թե ո՛ր դեղերն են բաց թողնվում դեղատոմսով, որոնք՝ առանց դրա։ Այդուամենայնիվ, դեղատոմսով բաց թողնվելիք դեղերից որոշներն այժմ վաճառվում են առանց որևէ սահմանափակման։
Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է՝ վերոնշյալ դեղերը գնելու համար քաղաքացին պետք է գնա այն պոլիկլինիկա, որտեղ հաշվառված է, ներկայացնի իր գանգատները, իսկ բժիշկն անհրաժեշտության դեպքում էլեկտրոնային դեղատոմսով նշանակում կկատարի։ Դրանից հետո քաղաքացին կարող է գնալ ցանկացած դեղատուն եւ այնտեղ աշխատակցին ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ եւ գնել բժշկի նշանակած դեղերը։
Այժմ բոլոր դեղատները չէ, որ միացած են «Արմեդ» համակարգին, ուստի դրա բացակայության դեպքում չեն կարողանա էլեկտրոնային դեղատոմս ունեցող քաղաքացիներին սպասարկել։ Այս փուլում դեղատներն աստիճանաբար միանում են «Արմեդ» համակարգին։ Նախատեսվում է, որ մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը բոլոր դեղատոմսերը լինեն բացառապես էլեկտրոնային։
2024 թվականի հունվարի 12-ին կայացած ասուլիսի ընթացքում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց՝ այս տարվա կեսից թղթային դեղատոմսեր այլեւս չեն կիրառվի, նախարարությունն անցնում է էլեկտրոնային համակարգի։ «Այս տարի գործընթացը կշարունակվի, տարվա ընթացքում ընդհանրապես թղթային դեղատոմսերը շրջանառումից դուրս կգան»,- նշեց նախարարը։
Էնդոկրինոլոգ, դիետոլոգ Հասմիկ Հայրապետյանը դրական քայլ է համարում առողջապահության նախարարության որոշում։ Բժշկուհին նշում է՝ մարդիկ երբեմն բարեկամի կամ հարեւանի խորհրդով դեղեր են գնում եւ ընդունում՝ չգիտակցելով, որ դրանց ընդունումն իրենց առողջության վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ։ Առանց դեղատոմսի վաճառքի ամենավատ հետեւանքներից է հակաբիոտիկակայունությունը (հակաբիոտիկների նկատմամբ մանրէների բնածին կամ ձեռքբերովի կայունությունը):
Քաղաքացիները հաճախ դեղատներից հակաբիոտիկներ են գնում եւ անհարկի ընդունում։ Դրանց գերօգտագործման պատճառով դժվարանում է հակաբիոտիկների նկատմամբ կայունություն ունեցող վարակների բուժումը։
«Գյուղական համայնքներում կան դեղատներ, որտեղ «Արմեդ» համակարգը չի գործում, ուստի այս գործընթացը, կարծում եմ, փուլ առ փուլ կիրականացվի, այսինքն՝ առժամանակ հնարավոր կլինի որոշ դեպքերում նաեւ թղթային տարբերակով դեղատոմս կիրառել։ Գովելի է, որ արդեն վերահսկողություն է լինելու այս ոլորտում, քանի որ ինքս էլ գրեթե ամեն օր առնչվում եմ ինքնաբուժմամբ զբաղվող բուժառուների հետ, որոնք հակաբիոտիկներ, հորմոնալ կամ այլ դեղամիջոցներ են օգտագործում՝ չիմանալով դրանց կողմնակի ազդեցության կամ այլ հետեւանքների մասին»,- մանրամասնում է բժշկուհի Հայրապետյանը։
Բացառված չէ, որ մարդը կարող է ոչ աշխատանքային ժամերին (երբ հնարավոր չէ գնալ պոլիկլինիկա) ունենալ դեղատոմսով բաց թողնվող դեղի կարիք։ Այս պարագայում էլ կարելի է շտապ օգնություն կանչել, եւ բժիշկն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի, հարկ եղած դեպքում քաղաքացին նաեւ ստացիոնար բուժում կարող է ստանալ համապատասխան բուժհաստատությունում օրվա ցանկացած ժամի։
«Կարծում եմ՝ մեր առողջապահության ոլորտում շատ բացեր կան, որոնք հարկ է լրացնել՝ սկսած նրանից, որ մենք պիտի ունենանք առողջության ապահովագրություն, որ մարդիկ հարեւանին կամ բարեկամին չհարցնեն․ «դու ի՞նչ դեղ էիր օգտագործում, ասա՝ ես էլ դրանից գնեմ, քանի որ բժշկի դիմելու գումար չունեմ»։ Քաղաքացիները կարող են դիմել պոլիկլինիկա, տեղամասային բժշկին՝ անվճար օգտվելով այդ բուժծառայություններից։ Այսուհանդերձ, վստահ եմ, որ համատարած առողջության ապահովագրություն ունենալու դեպքում շատ խնդիրներից կկարողանանք խուսափել»,- ասում է բժշկուհին։
Ապացուցահեն բժշկությամբ զբաղվող մասնագետներին մշտապես մտահոգել է այն փաստը, որ որոշակի դեղեր վաճառվում են առանց դեղատոմսի։ Մանկաբույժ Գայանե Սահակովան բացատրում է՝ Հայաստանում հակաբիոտիկների ընդունումն արդեն անկառավարելի է դարձել։ Մարդիկ դրանք կիրառում են որպես հազի դեմ պայքարի միջոց կամ ջերմիջեցնող՝ առանց լիարժեք պատկերացնելու, թե հակաբիոտիկներն ինչի համար են նախատեսված եւ ինչ ազդեցություն ունեն օրգանիզմի վրա։
«Ցավոք, հենց սրանով պայմանավորված՝ մենք արդեն ունենք ինֆեկցիաներ, որոնք դառնում են անկառավարելի եւ այլեւս չեն ենթարկվում հակաբիոտիկին։ Այսնիքն՝ տվյալ հակաբիոտիկով նախատեսված է բուժել հիվանդությունը, բայց հնարավոր չի լինում, որովհետեւ մարդու օրգանիզմում արդեն դեղորոյքային կայունություն է ձեւավորվել։ Պատճառն այն է, որ մարդիկ հազի կամ վիրուսային հիվանդություն ունենալու դեպքում երրորդ օրը ջերմելիս անտեղի հակաբիոտիկներ են կիրառել»,- բացատրում է բժշկուհի Սահակովան։
Հատկապես կորոնավիրուսի շրջանում մարդիկ չարաշահում էին ազիտրոմիցինը։ Սա դասվում է այն հակաբիոտիկների շարքին, որի կիրառումը չափազանց կարեւոր է․ կան մի շարք լուրջ հիվանդություններ, որոնց վրա միայն այդ հակաբիոտիկն է ազդում, եւ նման իրավիճակներում այլ դեղամիջոցների արդյունավետությունը ցածր է։ Հետեւաբար, եթե այդ հակաբիոտիկի նկատմամբ արդեն դեղորայքային կայունություն է ձեւավորվել օրգանիզմում, հնարավոր է մարդը թոքաբորբի պատճառով նույնիսկ մահանա, որովհետեւ հակաբիոտիկները չեն օգնի նրան։
«Շատ կարեւոր ու գովելի որոշում է ընդունվել, բայց ես մտահոգություններ ունեմ․ կասկածում եմ՝ եթե վերահսկողությունը ճիշտ չկազմակերպեն, հիմա էլ հակառակ պատկերը կարող է ստացվել, երբ, օրինակ, մարդն, իսկապես, հակաբիոտիկի կարիք ունենա, բայց այն իր համար անհասանելի դառնա բժիշկների մոտ եղած հերթերի, մասնագետի մոտ գնալ չկարողանալու, առողջության առաջնային պահպանման օղակի թերի աշխատանքի, անբարեխիղճ բժշկի մոտ հայտնվելու պատճառով։ Ամենայն հարգանք ունենալով բժիշկների նկատմամբ՝ պետք է ասել, որ բոլոր մասնագիտությունների դեպքում էլ կարող են լինել անբարեխիղճ մարդիկ»,- ասում է բժշկուհին։
Գայանե Սահակովան մտավախություն ունի, որ այս իրավիճակում էլ քաղաքացիները կարող են մտածել․ «մի բան տանք բժշկին, որ հակաբիոտիկ նշանակի»։ Մասնագետը բացատրում է՝ երբ բժիշկը նշանակում է հակաբիոտիկներ, դա պիտի հիմնավորված լինի, նաեւ ստուգումներ պիտի լինեն՝ պարզելու համար՝ արդյո՞ք տեղին է նշանակվել այդ դեղամիջոցը։ Բժիշկը պիտի հաշվետու լինի իր նշականած դեղատոմսի համար, այլապես երկու ծայրահեղ բեւեռներում կարող ենք հայտնվել․ առաջին դեպքը, երբ բուժառուն իսկապես այդ դեղերի կարիքն ունի, բայց իրավիճակը ճիշտ չի գնահատվել ու դրանք չեն նշանակվել, մյուսը, երբ կարիք չունի, բայց նշանակվել է։
Երբեմն էլ դեղատան աշխատողն է քաղաքացիներին խորհուրդ տալիս այս կամ այն դեղամիջոցը գնել։ Գայանե Սահակովայի մասնագիտական պրակտիկայում բազմիցս եղել են դեպքեր, երբ ծնողները պատմել են, որ երեխային բուժելու համար դեղատան աշխատակիցն է խորհուրդ տվել տվյալ դեղամիջոցն օգտագործել կամ բժշկի նշանակած դեղի փոխարեն այլ պրեպարատ են առաջարկել։
«Օրինակ՝ եղել է դեպք, երբ ես ամոքսացիլին եմ նշանակել, բայց դեղատան աշխատակիցն ասել է՝ կարող եմ ամոքսիկլավ տալ, մինչդեռ դրանք որպես հակաբիոտիկներ՝ տարբեր նշանակություն ունեն»,- մանրամասնում է բժշկուհին։
Գայանե Սահակովան հույս ունի, որ սահմանված ցանկում ներառված դեղամիջոցները միայն դեղատոմսով վաճառելու գործընթացը աստիճանաբար կիրականացվի, եւ այն համայնքներում, որտեղ «Արմեդ» համակարգ չի աշխատում, առայժմ հնարավոր կլինի դեղատոմսի թղթային տարբերակը կիրառել, որպեսզի այս գործընթացը հնարավորինս հարթ ու անխոչընդոտ ընթանա։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։