Մոսկվայի եւ Երեւանի դիրքորոշումներն Ուկրաինայի հարցի վերաբերյալ տրամագծորեն հակադիր են միմյանց, սակայն Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի ներկայացնել իր իրավացիությունը։
Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավել վաղ հնչեցրած այն հայտարարությունը, թե Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը չէ Ուկրաինայի հարցում։
«Իսկապես, մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք Ուկրաինայում տեղի ունեցողի եւ Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ։ Ուստի սա մեր հայ գործընկերների լավ հայտնի դիրքորոշումն է։ Մենք այս հարցում նրանց հետ համաձայն չենք եւ համառորեն կշարունակենք բացատրել մեր իրավացիությունը»,-ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ Մյունխենում հայկական համայնքի հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել էր, որ Երեւանն Ուկրաինայի հարցում Մոսկվայի դաշնակիցը չէ, քանի որ հավատարիմ է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին։
Իր խոսքում վարչապետը ընդգծել էր, որ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչող հռչակագիրը, որը ստորագրվել էր Խորհրդային Միության նախկին հանրապետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի կողմից, վերաբերում է բոլորին, եւ ոչ թե միայն Հայաստանին։