2013 թվականի փետրվարի 19-ին Ազատության հրապարակում նախագահի ընտրությունների հաջորդ օրը հանրահավաք հրավիրած Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնական արդյունքներով հաղթած Սերժ Սարգսյանին առաջարկում է հանդիպել եւ հանձնել իշխանությունը: «Ես արդեն ընտրված նախագահ եմ»,- հայտարարում է պարոն Հովհաննիսյանը:
Էկոնոմիկայի նախարարը չգիտի, թե ինչպես համաձայնի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որը նախորդ օրը ԵԿՄ 11-րդ համագումարին ասել էր, թե ազգաբնակչության 80 տոկոսը դեմ է պարտադիր կուտակային կենսաթոշակին: «Բացառվում է, որ բարեփոխումներից դժգոհներ չլինեն, սակայն ես իսկապես չգիտեի, որ դժգոհողները 80 տոկոս են»,-ասում է նախարար Վահրամ Ավանեսյանը։
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադառնում է Ծառուկյանին ուղղված իշխանական մեղադրանքին, թե նա քաղաքական լուրջ ամբիցիաներով էր նախաձեռնել Սերժ Սարգսյանի հրաժարականին ուղղված համաժողովրդական շարժումը: «Ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է ամբիցիայի առկայությունն անընդունելի համարվում քաղաքական գործչի պարագայում։ Ամբիցիա կամ իր գաղափարներն ու ծրագրերն իրականացնելու հավակնություն չունեցող մարդն ի՞նչ գործ ունի քաղաքականության հետ»,- գրում է առաջին նախագահը:
ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանն առանձնապես ոգեւորված չէ ՀՀԿ-ի ձեռքից նախարարական պաշտոններ ստանալու գաղափարից, բայց այլ տարբերակ ՀՅԴ-ն չունի: «Այն, ինչ որ մենք անում ենք, նպաստելու է եկամուտների ավելացմանը»,- ասում է Արմեն Ռուստամյանը:
ՀՀԿ-ի տարածքային ցուցակով Շիրակում առաջադրված ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը մեկ նախադասությամբ ոչնչացնում է Հայաստանում ընտրությունների կուսակցական համակարգը: «Շիրակում ոչ ԲՀԿ-ն է ուժեղ, ոչ էլ`ՀՀԿ-ն, թեկնածուներն են ուժեղ»,- ասում է ՀՀԿ-ի թեկնածուն:
Ղարաբաղի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը բառացիորեն հիացած է Արցախի իշխանությունների հետ ուղիղ կապեր հաստատելու ԱՄՆ եւ Ֆրանսիայի քաղաքական, հասարակական շրջանակների ներկայացուցիչների Ադրբեջանին ուղղված նախաձեռնություններով: «Արցախը կարեւոր գործոն է տարածաշրջանային ճարտարապետությունում, որն իր պատասխանատու քաղաքականությամբ ձգտում է Հարավային Կովկասում վերջնական եւ կայուն խաղաղության հաստատմանը»,- ասում է Մասիս Մայիլյանը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դեմ է կառավարման կիսանախագահական համակարգի վերադարձին: «Սահմանադրական փոփոխություններ հնարավոր են, թեեւ կարծում եմ, սա իմ մասնավոր կարծիքն է, ոչ այդպիսի մասշտաբային փոփոխություններ, որ երկիրը խորհրդարանականից վերադարձնենք կիսանախագահականի»,-ասում է ԱԺ նախագահը:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողներին առաջարկում է փողոցում քայլելով ստուգել՝ կա՞ երկրում ատելության քարոզ, ինչի մասին պնդում են նրանք: «Այդ ատելությունն ու անհանդուրժողականությունը ֆեյքերի բանակների միջեւ է սոցիալական ցանցերում»,- ասում է ԿԳՄՍ նախարարը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անձամբ է մեկնաբանում տարբեր հարթակներից հնչող այն կոչը, թե պետք է վերջ տրվի թավիշով կառավարմանը եւ անցնել ավելի կոշտ միջոցների: «Պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում՝ թավիշը վերացնել: Ես հույս ունեմ, որ մեր քաղաքացիները նկատի չունեն, որ պետք է օրենքի դաշտից դուրս գալ»,- ասում է Մակունցը:
Ղարաբաղի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Հայաստանից արցախցիների հանդեպ ատելության խոսքեր է լսում: Նրա համար թշնամու կերպարը փոխվում է: «Ո՞վ է ավելի վտանգավոր՝ ադրբեջանցինե՞րը, որոնք ատելություն չեն տածում հայերի հանդեպ, թե նրանք, ովքեր ասում են, որ ղարաբաղցիները թուրք են։ Անուննե՞ր նշենք։ Հախվերդյանը»,- կոնկրետացնում է պարոն Բաբայանը:
Մյունխենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակադրվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որը հայտարարել է, թե «չկա Լեռնային Ղարաբաղ հասկացություն»։ «Եռակողմ հայտարարության մեջ առկա է Լեռնային Ղարաբաղը, եւ այս փաստաթղթի տակ առկա է Ադրբեջանի նախագահի ստորագրությունը»,- պանելային քննարկման ժամանակ ասում է Նիկոլ Փաշինյանը:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: