Ռուսաստանի Սալեխարդի դիահերձարանի աշխատակիցները հրաժարվում են Ալեքսեյ Նավալնիի մորը եւ նրա փաստաբաններին հանձնել որդու դիակը։ BBC-ի հետ զրուցած բժիշկները նկատել են, որ ինչքան ռուսական իշխանությունները ձգձգեն Նավալնիի մարմնի հանձնումը հարազատներին, այնքան կմեծանան կասկածները նրա մահվան հանգամանքների շուրջ։
«Նրանց ներս չեն թողնում։ Փաստաբաններից մեկին բառացիորեն դուրս են շպրտել դիահերձարանից։ Այն հարցին, թե այդտե՞ղ է Նավալնիի մարմինը, դիահերձարանի աշխատակիցները չեն ասում»,-պատմում է Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։
Հետաքննիչները Սալեխարդ ժամանած փաստաբաններին եւ Նավալնիի մորն ասել են, որ ընդդիմադիր գործչի մահվան հանգամանքների հետաքննության ժամկետը երկարացվել է։ «Ինչքան կարող է ձգվել, չեն ասում։ Նրանք ստում են, ժամանակ են ձգձգում»,-X սոցհարթակում գրել է Յարմիշը։
Այն, որ Նավալնիի մարմինը գտնվում է Սալեխարդում, հաստատվում է Լաբիտնանգից Սալեխարդ ճանապարհի տեսախցիկներից՝ միակ ցամաքային ուղին, որտեղ կարելի է հասնել Հարպից դեպի շրջկենտրոն (ամռանը գետի վրայով անցնում է լաստանավ, իսկ ձմռանը գետը դառնում է ճանապարհ)։
Սալեխարդի Շտապօգնության աշխատակիցը «Եվրոպայի նոր թերթ» պարբերականին պատմել է, որ իր տեղեկություններով, Նավալնիի մարմնին առկա են կապտուկներ, որոնք ստացել է կյանքի ընթացքում, բայց դրանք բռնության հետեւանքով չեն առաջացել։ Այդպիսի կապտուկներն առաջանում են նոպաների ժամանակ։