Փաշինյանն ասում է. «Ադրբեջանը շարունակում է վարել «այն, ինչ ուզում եմ, տվեք բանակցային եղանակով, հակառակ դեպքում ես դա կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը»։
Իշխանության գալուց անմիջապես հետո էր պարզ՝ Փաշինյանը բանակցող չէ։ Չունի նման կարողություններ։ 2018-ի մայիսից մինչեւ 2020-ի սեպտեմբեր դրսեւորած նրա վարքը, հայ ադրբեջանական հակամարտության վերաբերյալ նրա անպատասխանատու, վտանգավոր, թեթեւամիտ հայտարարություններն այդ մասին էին վկայում։
2020-ի նոյեմբերին արձանագրված պարտությունն ստեղծեց բոլորովին նոր ու չափազանց ծանր իրավիճակ։ Սխալվելու, փորձելու ու նորից սկսելու տարբերակներ այլեւս չկային։ Կողմնորոշվել եւ ճիշտ վճիռներ կայացնելն արդեն պարտադիր էր։ Հաշվարկված քայլեր էին պետք։ Քայլեր, որոնց շնորհիվ այսօրվա վիճակը չպետք է լիներ։ Որովհետեւ այն ինչ ունենք այսօր՝ կանխատեսելի վատագույնն էր։
Հաշվի առնելով, որ Փաշինյանը նման բարդ իրավիճակում երկրի առջեւ ծառացած խնդիրները խորապես ընկալել ու ճիշտ լուծումներ գտնել չի կարողանալու, 2020-ի նոյեմբերից հետո, հատկապես՝ 2021-ի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում նրան ասվում ու բացատրվում էր, որ իր պարագայում անհաջողություն է լինելու, որ լուծումներ ունեցող ուժեր ու անհատներ են պետք։
Իսկ նա վտանգը չհասկանալով, Ռոբերտ Քոչարյանի հետ ձեռք ձեռքի տված երկրի քաղաքական դաշտն էր ձեւում։ Ռոբերտ Քոչարյանի հետ միասին լուսանցք էր մղում ծրագիր ունեցող, լուծումներ առաջարկող ուժերին ու դեմքերին։ Իշխանությունը պահելու խնդիրն էր լուծում։ Լուծեց, մնաց իշխանության ու իրականացան վատագույն բոլոր կանխատեսումները։
Փաշինյանը հասավ այն եզրագծին, որին չհասնել չէր կարող։ Ու այսօր այդ եզրագծին կանգնած ասում է. «Ադրբեջանը շարունակում է վարել «այն, ինչ ուզում եմ, տվեք բանակցային եղանակով, հակառակ դեպքում ես դա կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը»։ Դեմքի այնպիսի արտահայտությամբ է ասում, կարծես Ադրբեջանի նման պահվածքն անսպասելի է ու բոլորը պետք է զարմանան։
2020-ի նոյեմբերին հաջորդած ողջ շրջանը եղել է չընդհատվող պարտությունների ու նահանջների ժամանակահատված։ Փաշինյանը դիմակայել, մանեւրել, հակադարձել չի կարողացել։ Չի էլ կարողանում։ Նահանջում ու նահանջում է՝ հույսով, թե նոր պահանջներ չեն հնչի, իսկ պահանջները հնչում ու հնչում են: Իր անկարողությունը «խաղաղության դարաշրջանի» մասին զրույցներով է քողարկում։ «Խաղաղության դարաշրջանի» մասին զրույցները որպես հակամարտության լուծում է ներկայացնում։
Չի գիտակցում, որ «խաղաղության դարաշրջանը» ոչ թե լուծում է, այլ լուծման հետեւանք. սկզբում պետք է հակառակորդի հետ գաս համաձայնության, փաստաթղթով վավերացնես այդ համաձայնությունը, նոր միայն խաղաղության դարաշրջան սկսելու մասին խոսես։
Չի պատկերացնում, որ Ադրբեջանը «խաղաղության դարաշրջանին» դեմ չէ բոլորովին, կողմ է, բայց պայմանով՝ երբ կստանա այն ամենն, ինչը խաղաղության դարաշրջան սկսելու համար բավարար կհամարի։
Չի գիտակցում, որ բանակցային ընթացքին իր մասնակցությունն է բերել մեզ այս հանգրվան, որ իր ղեկավարությամբ է երկիրը հանգել մի վիճակի, երբ սակարկելիք չկա բոլորովին, երբ հակառակորդի ախորժակը զսպելու ռեսուրս չկա։
Իսկ եթե չկա սակարկելիք՝ տանուլ տված ես։ Լինելու ես թելադրանքների ու սպառնալիքների տակ։ Քեզ անվճարունակ կճանաչեն։ Քեզ հետ կվարվեն այնպես, ինչպես անվճարունակների հետ են վարվում, կտանեն ամբողջն ու դու դեռ պարտք կմնաս։
Երբ կար ունեցվածք, երբ հնարավոր էր տալ ու առնել, երբ կարելի էր զիջել ու զիջում ստանալ՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը փոխզիջումների կարեւորությունը չհասկացան։ Հաշտության անհրաժեշտությունը չգիտակցեցին։ Եղան կոշտ ու անզիջում։ Հակառակորդին չհարգեցին։ Չլսեցին ու չընդունեցին սառը դատողությունը։ Մերժեցին իրատեսությունը։ Սթափ խոսք ասողներին, իրատեսությամբ առաջնորդվողներին պարտվողական անվանեցին ու լուսանցք մղեցին։ Իրար շարունակելով ու իրար փոխլրացնելով զրկեցին մեզ արժանապատիվ խաղաղություն ունենալու հնարավորությունից։ Իսկ 2020-ի պարտությունը արժանապատիվ խաղաղություն ոչ մի տարբերակ չթողեց։
Բայց անգամ այդ պարտությունից հետո էլ կարելի էր գտնել ընդունելի լուծումների տարբերակներ։ Լուծումներ, որոնք հնարավորություն կտային գնալ հաշտության, պահել Արցախը հայկական, խուսափել այսօրվա վիճակից։ Դրա համար, բայց, վիճակը ճիշտ գնահատող, վիճակին համարժեք ելքեր առաջարկող բանակցող էր պետք։ Բանակցողներ էին պետք, որոնք կունենային մշակված ծրագիր ու հաշվարկված քայլերի հաջորդականություն։ Նման բանակցողների բացակայության պատճառով էլ Հայաստանում շարունակեց տիրել նույն վայրիվերո, անծրագիր, անհետեւողական ընթացքը, ինչ եղել էր, իսկ Արցախում նույն՝ չգիտես ինչի վրա հիմնված անբացատրելի ինքնավստահությունը, թե կարող են մերժել առարկայական զրույցը, կարող են զրույցի չգնալ ու հաջողել։ Ասես՝ 2020-ի պարտությունը չէր եղել։
Այսօր հնձում ենք առատորեն մեր ցանած բերքն ու հայտնի էլ չէ, թե երբ է վերջակետը լինելու։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։