Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի այրի Յուլյա Նավալնայաի հնչեցրած մեղադրանքներն այն մասին, որ իր ամուսնու մահվան հետեւում կանգնած է Վլադիմիր Պուտինը «անհիմն և տաղտկալի» է որակել։
«Իհարկե, դրանք բացարձակապես անհիմն, տաղտկալի մեղադրանքներ են ռուսական պետության ղեկավարի հասցեին»,-ռուսական Интерфакс-ի փոխանցմամբ ասել է Պեսկովը։
Կրեմլի խոսնակն նշել է, որ Պուտինը չի տեսել Նավալնայաի ուղերձը, որտեղ նա հայտարարել էր ամուսնու գործունեությունը շարունակելու մասին:
«Սակայն, հաշվի առնելով Յուլիա Նավալնայաի բառացիորեն օրեր առաջ այրիացումը, սա թողնում եմ առանց մեկնաբանության»,-ասել էր Պեսկովը։
Լրագրողները նաև խնդրել են Պեսկովին մեկնաբանել Նավալնայաի այն հայտարարությունները, որ ՌԴ իշխանությունները միտումնավոր հարազատներին չեն հանձնել ամուսնու մարմինը՝ թունավոր նյութի հետքերը թաքցնելու համար։
«Անկեղծ ասած, ծանոթ չեմ այս ելույթին, բայց եթե այն պարունակում էր նման խոսքեր, ապա դրանք, կրկին, ոչ այլ ինչ են, քան անհիմն մեղադրանքներ, քանի որ դրանք ոչ մի բանով չեն հաստատվում, եւ այս դեպքում միայն էթիկական նկատառումներից ելնելով չեմ կարող գնահատել այնպես, ինչպես պետք է» ,-ասել էր Պեսկովը։