1988-ի փետրվարի 13-ին Լեռնային Ղարաբաղում սկսվեցին զանգվածային հանրահավաքներ, որոնք հաջորդող օրերին սաստկացան գործադուլներով։ Տեղի հայ բնակիչները պահանջում էին մարզխորհրդի նստաշրջանի հրավիրում եւ Ադրբեջանին ենթակա Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Հայաստանին միացնելու որոշման ընդունում:
Չնայած բոլոր խոչընդոտներին՝ նստաշրջանը կայացավ եւ ընդունեց հայտնի որոշումը։ Խորհրդային Միության պատմության մեջ առաջին անգամ իշխանության մարմինը «ներքեւից», առանց վերադաս խորհրդային կամ կուսակցական ատյանի համաձայնության, ավելին՝ նրա կամքին հակառակ, որոշում ընդունեց։ Նույն օրն արդեն Ստեփանակերտում էին Խորհրդային Միության Ներքին գործերի նախարարության զորքերը։
Գորբաչովյան իրականության մեջ Հայաստանն արդեն վայելում էր ընձեռնված ժլատ ազատությունը։ Քննարկվում էին մշակութային արգելված հարցեր, բնապահպանա-կան խնդիրներ։ Վերջինները երբեմն փակ տարածքներից, նեղլիկ միջավայրերից տեղափոխվում էին փողոցներ ու հրապարակներ։ Քաղաքացիական առանձին այդ շարժումները մեծ ներուժ ունեին, որն ամբողջ տարողությամբ ի հայտ էր գալու Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման ձգտումը պաշտպանող հանրահավաքներով։
Փետրվարի 20-ին օպերայի (այժմ՝ Ազատության) հրապարակը հաշված ժամերի ընթացքում լցվեց տասնյակ հազարավոր մարդկանցով։ Շարժումը ղեկավարում էր ծագումով ղարաբաղցի, տնտեսագետ Իգոր Մուրադյանը։
Ձեւավորվել էր կազմկոմիտե, որի անդամներն էին Վազգեն Մանուկյանը, Վանո Սիրադեղյանը, Համբարձում Գալստյանը, Ալեքսան Հակոբյանը, Սամվել Գեւորգյանը, Սամսոն Ղազարյանը, Աշոտ Մանուչարյանը, Մանվել Սարգսյանը, Հրայր Ուլուբաբյանը, Գագիկ Սաֆարյանը, Արմեն Հովհաննիսյանը եւ Վաչե Սարուխանյանը։
Կազմկոմիտեն ուներ նաեւ ավագների խորհուրդ։ Դրան մաս էին կազմում Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը, ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, ակադեմիայի թղթակից անդամ Ռաֆայել Ղազարյանը, բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը, գրողներ Զորի Բալայանը եւ Սերո Խանզադյանը, խմբավար Հովհաննես Չեքիջյանը, դերասան Սոս Սարգսյանը, նկարիչ Սարգիս Մուրադյանը եւ այլք։
Ընդվզման թափից անակնկալի եկած Մոսկվան՝ Խորհրդային Միության կոմկուսի կենտկոմի որոշմամբ անմիջապես դատապարտեց Շարժումը՝ «ծայրահեղականներ», «ազգայնականներ» պիտակները փակցնելով դրա մասնակիցներին։ Եւ սա այն դեպքում, երբ բողոքի խաղաղ ցույցի դուրս եկած մարդիկ ծածանում էին խորհրդային միության դրոշը, իրենց ձեռքում ունեին Լենինի, Գորբաչովի դիմանկարները եւ վանկարկում էին ոչ ծայրահեղական կարգախոսներ։
Փետրվարի 21-ին Երեւան հասավ Արցախի պատվիրակությունը։ Նրանք բերել էին մարզխորհրդի որոշումը՝ հույսով, որ Խորհրդային Հայաստանի ժողովուրդն ու իշխանությունները կաջակցեն իրենց։ Պատվիրակներին ժողովուրդը դիմավորեց ցնծությամբ, իսկ կենտկոմում հրաժարվեցին ընդունել նրանց։ Եւ եթե մինչ այդ ժողովրդի միակ պահանջը «միացում»-ն էր, անմիջապես դրվեց Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջան հրավիրելու եւ Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի որոշմանը դրական պատասխան տալու հստակ պահանջ։
Փետրվարի 22-ի երեկոյան Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը հեռուստատեսային ելույթում արցախյան շարժումը բնութագրեց ԽՄԿԿ ԿԿ-ի՝ նախորդ օրվա որոշման ոգով ու բառապաշարով՝ մասնավորապես նշելով, որ «գոյություն ունեցող ազգային-տերիտորիալ կառուցվածքի վերանայմանն ուղղված գործողություններն ու պահանջները հակասում են Հայաստանի եւ Ադրբեջանի աշխատավորների շահերին»։
Փետրվարի 23-ի բազմահազարանոց հանրահավաքում կազմկոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը քաղաքական գործադուլի կոչ արեց, իսկ Համբարձում Գալստյանը պահանջեց հանրապետության իշխանության հրաժարականը։
Շուրջ 20 հազար մարդ ամբողջ գիշեր քայլեցին մայրաքաղաքի թաղամասերով՝ կոչ անելով միանալ շարժմանն ու գործադուլին։ Առավոտյան համընդհանուր գործադուլն արդեն կատարված փաստ էր, իսկ հանրահավաքի մասնակիցների թիվը մոտենում էր կես միլիոնին։
Փետրվարի 25-ի հանրահավաքում փորձեց ելույթ ունենալ Հայաստանի կոմկուսի կենտկոմի 1-ին քարտուղար Կարեն Դեմիրճյանը։ Չնայած հանրապետության երկարամյա ղեկավարի հանդեպ ժողովրդի մեջ եղած համակրանքին՝ հաղորդակցությունն ու փոխըմբռնումը, մեղմ ասած՝ չստացվեց։
Կենտրոնական եւ տեղական իշխանություններին մտահոգում էր ոչ միայն զանգվածային հանրահավաքների օրակարգը՝ որի միակ հարցը Հայաստանի Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջան հրավիրելն ու Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի դիմումին համաձայնություն տալն էր, այլեւ՝ երեւույթն ինքնին։
Ղարաբաղյան աննախադեպը երեւանյան աննախադեպով կրկնելը սպառնում էր սասանել միասնական պետության քաղաքական հիմքերը՝ օրինակ դառնալով այլ հանրապետությունների եւ ժողովուրդների համար։ Կենտրոնական իշխանությունը պետք է վիճակից դուրս գալու միջոց գտներ։
Փետրվարի 26-ին Հայաստանի եւ Ադրբեջանի հեռուստատեսությամբ, լրատվության այլ միջոցներով հաղորդվեց Միխայիլ Գորբաչովի դիմումը «Հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներին»: Նույն օրը «պերեստրոյկա»-ի հայրն ընդունել էր բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանին եւ գրող Զորի Բալայանին։ Անվանի մտավորականներին նա հորդորել էր տուն ուղարկել հրապարակում հավաքված ժողովրդին՝ հավաստիացնելով, որ կենտրոնական իշխանությունը կստանձնի հարցը քննարկելու եւ լուծելու պարտավորություն։ Եւ մինչ նրանք Մոսկվայից բերած «հավատանք, վստահենք, չխանգարենք» ավետիսն էին փոխանցում ժողովրդին, Սումգայիթում արդեն սկսվել էր հայերի ջարդը։
Սա շարժումը կասեցնելու, ավելին՝ ոչնչացնելու մտածված քայլ էր, որն հետագայում էլ բազմիցս պետք է կիրառվեր Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ, սակայն կազմկոմիտեն չընկրկեց. Գորբաչովին՝ իր խոստումը կատարելու համար, տրվեց մեկ ամիս ժամանակ, իսկ հաջորդ հանրահավաքը նշանակվեց մարտի 26-ին։
Հարցը քննարկելու եւ լուծելու փոխարեն՝ Մոսկվան անցավ քարոզչական համընդհանուր հարձակման։ Մարտի 21-ին երկրի գլխավոր թերթը՝ «Պրավդա»-ն հրապարակեց «Հույզեր եւ բանականություն» հոդվածը, որում լուտանքներ էին թափվում Շարժման հատկապես հայաստանյան մասնակիցների հասցեին։
Իսկ հաջորդ օրը՝ մարտի 22-ին «Իզվեստիա»-ն շարունակեց գրոհը «Ի հեճուկս ողջամտության» հոդվածով։ Սրանք նախերգանքն էին ուժային միջամտության։
Մարտի 25-ին Երեւան մտցվեցին զինվորական ստորաբաժանումներ, եւ մայրաքաղաքի երկնքում հայտնվեցին անկանոն ճախրող ռազմական տասնյակ ուղղաթիռներ։ Մարտի 26-ի հանրահավաքը հետաձգվեց։ Ի նշան բողոքի՝ Երեւանը հայտարարվեց մեռյալ քաղաք։
Ղարաբաղյան շարժումն այսպիսով չմարեց։ Թեեւ հանրահավաքներ եւ ցույցեր անցկացնելն անկարելի էր, բայց հնարավոր բոլոր զանգվածային միջոցառումները՝ Ապրիլի 24-ի սգո երթ, մայիսմեկյան շքերթ, օգտագործվում էին Ղարաբաղի արդարացի հարցն ի ցույց դնելու համար։
Երկամսյա դադարից հետո առաջին մարդաշատ հանրահավաքը եղավ մայիսի 31-ին, որի ընթացքում հայտարարվեց Շարժման ղեկավար կազմի փոփոխության մասին։ Որպես կազմակերպական կառույց չկայացած եւ արդեն սպառված կազմկոմիտեին փոխարինելու եկավ Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն։
Կազմկոմիտեի որոշ անդամներին՝ Վազգեն Մանուկյան, Վանո Սիրադեղյան, Համբարձում Գալստյան, Սամվել Գեւորգյան, Սամսոն Ղազարյան, Աշոտ Մանուչարյան, Ալեքսան Հակոբյան, միացան նորերը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը, Դավիթ Վարդանյանը, ավագների խորհրդից՝ ակադեմիայի թղթակից անդամ Ռաֆայել Ղազարյանը։
Գրեթե միաժամանակ Մոսկվայի հրահանգով փոխվել էր Հայաստանի փաստացի ղեկավարը։ Հայկոմկուսի կենտկոմի երկարամյա 1-ին քարտուղար Կարեն Դեմիրճյանին փոխարինելու էր եկել Սուրեն Հարությունյանը՝ մի գործիչ, որը կուսակցական իր ծառայության մեծ մասն անցկացրել էր Մոսկվայում, իսկ Հայաստան տեղափոխվել էր երկու տարի առաջ՝ որպես նախարարների խորհրդի նախագահի 1-ին տեղակալ։
Այս նշանակմամբ Մոսկվան ուզում էր ամրապնդել եւ առավել կառավարելի դարձնել հայաստանյան իր հենարանը, ինչն անհրաժեշտ էր ամուր եւ անկառավարելի Շարժմանը տեղում դիմագրավելու համար։
Ղարաբաղ կոմիտեն՝ գիտնականների, համալսարանական դասախոսների, ուսուցիչների, գրող-լրագրողների մի համախմբում, իր ռազմավարությունն ու մարտավարությունը կառուցելու էր ոչ թե կոշտ առճակատմամբ եւ արկածախնդրությամբ, այլ ձեռքի տակ եղածն օգտագործելու իմաստնությամբ, ինչը եւ անցանկալի ու վտանգավոր էր։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։