Հայաստանում տեղական ԶԼՄ-ների կողմից վերջին ամիսներին հաճախակիացել են զրպարտչական արշավները իրավապաշտպանների, բնապահպանների եւ այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք կապված են նրանց գործունեության հետ։
Այս մասին ասվում է The Coalition for Human Rights in Development սոցիալական շարժումների գլոբալ միության կայքէջում տեղադրված հրապարակման մեջ։
Կառույցը ընդգծում է, որ 2023 թվականի դեկտեմբերից ի վեր հայկական որոշ տեղեկատվական սոցցանցային էջեր եւ լրատվականներ թիրախավորել էին մի շարք կազմակերպությունների իրենց բնապահպանական գործունեության համար։ Նման տեղեկատվական հարթակներում նշում են, որ հայտնի չէ թե հստակ ով է պատվիրում հանքարդյունաբերությունից տուժած համայնքներում բնապահպանական ուսումնասիրությունների անցկացումը, որը մեծ հավանականությամբ կիսվում է Ադրբեջանի հետ։
Հրապարակման մեջ նշվում է, որ սոցցանցերում զրպարտչական հարձակումներն ու ատելության խոսքը ակտիվացել էին հատկապես հունվարին՝ Ամուլսարի հանքավայրի վիճահարույց ծրագրի շուրջ մտահոգություն առաջացնող հայտարարության հրապարակումից հետո, որը ստորագրել էին Հայաստանի 118 հասարակական կազմակերպություններ եւ 57 տուժած քաղաքացիներ:
«Կրկնվող պատմությունն այն է, որ նրանք ցանկանում են խոչընդոտել Հայաստանի տնտեսական աճին եւ որ նրանք ինչ-որ կերպ կապված են Ադրբեջանի հետ»,-ասվում է գլոբալ սոցիալական կառույցի հրապարակման մեջ։
«Նման հրապարակային զրպարտչական արշավը, որը տեղի է ունենում պետական պաշտոնյաների բացահայտ աջակցությամբ, միանգամայն անընդունելի է։ Այն թիկունքից հարվածում է բնապահպաններին եւ հասարակության ներկայացուցիչներին։ Բոլոր դերակատարները, ովքեր ցանկանում են աջակցել Հայաստանի կայուն ապագայի զարգացմանը, պետք է անհապաղ դատապարտեն այս հարձակումները եւ հանդես գան ի պաշտպանություն բնապահպանների եւ մարդու իրավունքների պաշտպանների»,-ասել է The Coalition for Human Rights-ի համակարգող Մարկ Ֆոդորը։
Կառույցը նշում է, որ այլախոհությունը խեղդելու նպատակով Հայաստանում հանքարդյունաբերական ընկերությունները հաճախ են քրեականացնում բնապահպաններին, մարդու իրավունքների պաշտպաններին եւ լրագրողներին։ Որպես օրինակ նշվում է 2018 թվականին Ամուլսարի հանքը շահագործող հանքարդյունաբերական «Lydian» ընկերության կողմից «Հայկական բնապահպանական ճակատի» կամավորների, համայնքի անդամների, բնապահպանների եւ մարդու իրավունքների այլ պաշտպանների դեմ ներկայացրած մի շարք հայցերը։
Նմանատիպ դեպքերի թվում է նաեւ 2024 թվականի փետրվարի 9-ին «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից» ուղարկված նամակի դեպքը։ Նամակում ընկերությունը նրան մեղադրել էր զրպարտության մեջ եւ պահանջել փոխհատուցում մեկ միլիոն դրամի չափով, ինչպես նաեւ հրապարակայնորեն հերքել ընկերությանը վարկաբեկող հայտարարությունները։
«Քաղաքացիական հասարակությունը եւ իրավապաշտպանությունը Հայաստանում երկար ժամանակ է ինչ կարեւոր դերակատարներ են, նպաստելով ընկերությունների, կառավարությունների եւ համայնքների միջեւ տեղեկատվության փոխանակմանը, ինչպես նաեւ երկրում մարդու իրավունքների պաշտպանությանը եւ բնապահպանական խնդիրների բարձրաձայնմանը: Աճող սպառնալիքներն ու ահաբեկումները ալիքային ազդեցություն են ունենում Հայաստանի քաղաքացիական հասարակության բոլոր խմբերի վրա, որոնք արդեն իսկ բախվել են իրենց կարեւորագույն աշխատանքի լուրջ սահմանափակումներին»,-հայտարարել է իրավապաշտպան International Accountability Project-ի գործադիր տնօրեն Ռայան Շլիֆը։