Իրանի նավթարդյունաբերության նախարար Ջավադ Օուջին Իսրայելին մեղադրել է փետրվարի 14-ին երկրի գլխավոր գազատարը խափանելու նպատակով դիվերսիաներ իրականացնելու մեջ։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
Նախարարի խոսքով՝ «իսրայելական դավադրության արդյունքում վնասվել են գազատարի միայն մի քանի ենթաճյուղեր», եւ «դիվերսիոն նպատակը չի իրականացվել»։
Օուջին ընդգծել է, որ պայթյունից հետո երկու ժամվա ընթացքում մասնագետները սկսել են աշխատել գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ, եւ «այդ դավադրությունը որեւէ հետեւանք չի ունեցել քաղաքների եւ բնակավայրերի [գազի մատակարարման] վրա»։
Փետրվարի 14-ին, ժամը 1-ի սահմաններում Իրանի Չահարմահալ եւ Բախտիարի նահանգի տարածքով անցնող գլխավոր գազատարի վրա երկու պայթյուն էր որոտացել, որին հաջորդել էր հրդեհ։