Դոնեցկի շրջանի Ավդիեւկա քաղաքից Ուկրաինայի զինված ուժերի նահանջի ժամանակ մինչեւ հազար զինվորական կարող է հայտնվել ռուսական գերության մեջ։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով ուկրաինացի զինվորականների եւ արեւմտյան բարձրաստիճան պաշտոնյաների գնահատականները։
Ամերիկյան պարբերականին ուկրաինացի զինվորականները նշել են, որ գերի ընկածների եւ անհետ կորածների ընդհանուր թիվը տատանվում է 850-ի եւ1000-ի միջեւ։ Արեւմտյան բարձրաստիճան պաշտոնյաները կարծում են, որ ներկայացրած տվյալները ճշմարտացի են։
The New York Times-ի զրուցակիցների կարծիքով՝ Ավդիեւկայի կորուստն ինքնին լուրջ ռազմավարական պարտություն չէր, սակայն մեծ թվով զինվորականների գերեվարումը «կարող էր փոխել այս իրավիճակը»։ Նրանք կարծում են, որ անհաջող հակահարձակումից հետո զորքերի բարոյահոգեբանական վիճակն անկում է ապրել, ինչն էլ նշանակում է, որ ուկրաինական բանակը նոր մոբիլիզացիայի հետ կապված խնդիրներ կաորղ է ունենալ։
Արեւմտյան պաշտոնյաները կարծում են, որ ուկրաինացի զինվորների տարհանումը բավականին վատ էր ծրագրված եղել եւ սկսվել էր շատ ուշ։ Նրանց գնահատմամբ նման մեծ թվով զինվորականների գերեվարման պատճառ կարող էր լինել մարտական դիրքերում սկսված քաոսը։ Իրավիճակը, ինչպես գրում է The New York Times-ը, առավել խուճապային է դարձրել ռուսական բանակի քաղաքը երեք կողմից շրջապատելու հանգամանքը։
Ուկրաինացի զինվորականները պարբերականին նաեւ նշել են, որ տարհանման ժամանակ կապի հետ կապված խնդիրներ են եղել, ինչի պատճառով զինվորների մեծ մասը գերի է ընկել, վիրավորվել կամ էլ զոհվել մարտի դաշտում։
Ուկրաինայի զինված ուժերի «Տավրիա» միավորման խոսնակ Դմիտրի Լիխովոյը հերքում է հարյուրավոր զինվորականների գերի ընկնելու մասին տեղեկությունները։ Նա դա ապատեղեկատվություն է որակել, սակայն խոստովանել է, որ «որոշակի թվով» զինվորներ անհետ կորել են:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի հայտնել Ավդիեւկայից Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերման ժամանակ գերի ընկած զինվորների թիվը։ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը նույնպես չի մեկնաբանել գերիների թվի մասին տեղեկությունները։