Արծվաշենցիներն ուշի ուշով հետեւում են հայ-ադրբեջանական բանակցություններում անկլավների փոխանակման հարցի շուրջ քննարկումներին։
Դա ուղիղ առնչվում է այդ մարդկանց, որոնք ստիպված եղան 1992 թվականի օգոստոսին տարածաշրջանում ռազմական գործողությունների հետեւանքով լքել Ադրբեջանի տարածքով շրջապատված հայրենի գյուղը։
Կվերադառնա՞ն արդյոք նրանք հայրենի գյուղ, եթե բանակցությունների արդյունքում ստեղծվի այդ հնարավորությունը։
Արծվաշենցի տիկին Մանուշակը վերադառնալու ցանկություն չունի, քանի որ վստահ չէ է, որ կարող է հանգիստ ապրել. «Կվերադառնամ միայն էն դեպքում, երբ լիակատար խաղաղություն տիրի»:
Ճամբարակում երեսուն տարի ապրելով` մեծ դժվարությամբ տուն է ստեղծել, աշխատանք ձեռք բերել, սովորել է նոր բնակավայրին. «Ճամբարակը եւս մեր հայրենիքն է»:
Ճամբարակում բնակվող տիկին Սիրամարգը, հակառակը` միշտ ցանկացել է վերադառնալ ծննդավայր, բայց տեսնելով անցած սեպտեմբերին արցախցիների հետ պատահածը` վախենում է. «Կվերադառնամ մենակ էն ժամանակ, երբ ապահովեն մեր անվտանգությունը, ու ամեն ինչ առաջվա նման լինի»։
Արծվաշենը 1991 թվականի տվյալներով շուրջ 4500 բնակիչ ուներ: Հիմա գյուղի տներում ավերակներ են։ «Մի քանի ադրբեջանցի է ապրում. անասնապահությամբ, հողագործությամբ են զբաղվում… մեր հողերում»,-ասում է Արծվաշենի գործող համայնքապետ Մամիկոն Խեչոյանը` չմանրամասնելով, թե տեղեկությունը որտեղից է:
Նա կարծում է, որ եթե Արծվաշենը վերադարձվի եւ գյուղացիների անվտանգությունը ապահովվի, բնակարաններ տրամադրվեն, շատերը մեծ սիրով կվերադառնան. «Այնտեղ իրենց ծնողների գերեզմաններն են»:
Արծվաշենից բռնի տեղահանվածները հիմնականում հաստատվել են Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում։ Սկզբում գնել են 19-րդ դարից այդտեղ բնակվող մոլոկանների տները, հետո, քայլ առ քայլ հաղթահարելով բռնի տեղահանվածին բնորոշ բոլոր խնդիրները` աստիճանաբար ստեղծել նոր, ապահով անկյուն` սրտում պահելով Արծվաշենն ու նորից այնտեղ վերադառնալու հույսը:
«Տատիկս միշտ պատմում է Արծվաշենից. օդ ու ջրից, բնության ստեղծած հրաշալիքներից, հիշում է իր այնտեղ ապրած երջանիկ տարիները, կարծես` փորձում է հայրենի բնօրրանի մասին թոռներին պատմելով` կարոտը առնել»,-ասում է արմատներով արծվաշենցի, ուսանող Միլենա Ղուլյանը:
Միլենան պատրաստ է վերադառնալ Արծվաշեն. «Եթե բնակարաններ, աշխատատեղեր եւ առհասարակ ապագա լինի էնտեղ»:
Թեեւ անկլավների շուրջ ընթացող քննարկումներում Արծվաշենի գործոնը գրեթե չի հիշատակվում, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի առիթով պարզաբանել է, որ Հայաստանի 29 8002 կիլոմետր տարածք ասելիս Արծվաշենը նկատի առնվում է, իսկ ադրբեջանական անկալվները` ոչ, այսինքն`ընդունել է դրանց վերադարձի հնարավորությունը:
Մինչդեռ թյուրքագետ Վարուժան Գեղամյանի պնդմամբ՝ Ադրբեջանի պետական ու մերձպետական շրջանակներում հայկական անկլավ Արծվաշենի մասին չեն խոսում:
Բոլոր դեպքերում հարցը կա՛մ չի լուծվելու, կա՛մ լուծվելու է փոխանակման սկզբունքով: Երկրորդը մեզ ձեռնտու չէ, որովհետեւ Արարատի մարզի Տիգրանաշեն (Քյարքի), Տավուշի Սոֆուլու/ Բարխուդարլու անկլավները վերադարձնելու դեպքում Ադրբեջանը կարող է վերահսկող դիրք ստանալ մեր միջպետական ճանապարհների նկատմամբ, մինչդեռ Արծվաշենը չունի նման ռազմավարական նշանակություն:
Արծվաշենցիները շատ են կարոտում հայրենի գյուղը, բայց կիսում են այս մտահոգությունը: «Ավելի լավ է Ադրբեջանն Արծվաշենը չտա, մյուս գյուղերն էլ չպահանջի…»,-ասում է Մամիկոն Խեչոյանը:
Իսկ պայմանագրային զինծառայող տղաները, որոնցից շատերը ծնվել են Ճամբարակում հաստատված արծվաշենցիների ընտանիքում, դիրքեր բարձրանալիս ամեն բացվող օրվա հետ բարեւում են փլատակների վերածված, բայց իրենց ինքնության մասը կազմող հայրենի գյուղին կամ այն ամենին, ինչ մնացել է Արծվաշենից:
ԼիլիթԱպրեսյան