2013 թվականի փետրվարի 22-ին ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այնքան շատ կուզեր, որ Արթուր Բաղդասարյանից բացի եւս մի ընդդիմադիր էլ համագործակցեր Սերժ Սարգսյանի հետ: Նկատի ունի Րաֆֆի Հովհաննիսյանին. «Ինչքան խաղաղ լինի մեր ներքին քաղաքական դաշտը, ինչքան կայուն լինի, այնքան մենք կկարողանանք մեր կարեւորագույն խնդիրները լուծել: Ի՜նչ դավաճանության մասին կարող է խոսք լինել»,-ասում է ՕԵԿ-ական պատգամավորը:
Գրող, հրապարակախոս Առաքել Սեմիրջյանը համոզված է, որ Արեւմուտքը մեզ կարող է օգնել Սերժ Սարգսյանից ազատվելու համար, ինչպես օգնեց Ուկրաինային, երբ հայտարարեց, որ կսառեցնի այն իշխանավորների հաշիվները, որոնք կխանգարեն ժողովրդի պայքարին: «Հիմա եթե այդ նույն բանը Արեւմուտքը հայտարարի Հայաստանի վերաբերյալ, ապա Սերժ Սարգսյանը մեկ օր իսկ չի կարող մնալ իշխանության ղեկին եւ տեղի կունենա անարյուն բուրժուադեմոկրատական հեղափոխություն»,- ասում է արձակագիրը:
Բեռլինում հայ բռնցքամարտիկ WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հաղթում է նույն վարկածի չեմպիոնի հավակնորդ Փոլ Սմիթին եւ իր հաղթանակը նվիրում Հայոց ցեղասպանության բոլոր զոհերին: «Որպեսզի ամբողջ աշխարհը լսի, ճանաչի, իմանա, որ հայերին կոտորել են, սպանել ու չարչարել են մեր երեխաներին, քույրերին ու եղբայրներին»,- հենց ռինգում հայտարարում է չեմպիոնը:
ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը նորմալ է համարում, որ ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ կոալիցիոն կառավարություն է կազմում, հաշվի առնելով ՀՅԴ-ի ազդեցությունը սփյուռքի վրա. «Է, հա, նորմալ է, իհարկե»։
Ոստիկանությունը պատրաստվում է խորհրդարանի հերթական ընտրություններին: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Արմավիրի ոստիկաններին զգուշացնում է, որ կլինեն մարդիկ, որոնք կպնդեն, որ իրենց ընտրակաշառք են առաջարկում: «Ընտրակաշառքները դժվար ապացուցվող երեւույթ ա»,- հիշեցնում է ոստիկանապետը:
ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածուն Արտակ Զեյնալյանն է, բայց ԲՀԿ-ն կարծես թե չի պատրաստվում իր քվեն խորհրդարանում տալ պարոն Զեյնալյանին: «Շատ հարգում ենք Արտակ Զեյնալյանին, սակայն քանի որ մեր՝ ընդդիմության ձայները քիչ են, հետեւաբար դա ավելի շատ կարող է ունենալ ֆորմալ բնույթ ու չենք քննարկել»,- ասում է ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը մեղադրվում է հարկերից խուսափելու եւ փողերի լվացման հոդվածներով: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը համաձայն չէ, որ նոր իշխանությունն ընկել է Քոչարյանի ընտանիքի հետեւից. «Ռոբերտ Քոչարյանը ունեցել է իր գործունեության ընթացքում շատ նաեւ դրական գործեր, ներդրում ունեցել է: Եվ ես, որպես սպա, որպես ազգային անվտանգության ծառայող, որ ծառայել է այդ տարիներին, ես չեմ կարող որեւէ անձնական կամ ինչ-որ այլ-այլ բաներով խնդիրներ ունենամ այդ ընտանիքի հետ»:
Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատացնում է, որ, ի տարբերություն Ադրբեջանի, Արցախը ժողովրդավարական երկիր է. «Ինչը եւս մեկ անգամ գալիս է հիմնավորելու, որ Արցախը եւ Ադրբեջանը երբեւէ որեւէ պարագայում չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում»:
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը համոզված է, որ Հայաստանում «այս չարիքի (Նիկոլ Փաշինյանի) հեռացման մեծ պահանջարկ կա»: Եվ որպեսզի առաջիկա օրերին ընդդիմադիր շարժումը հասնի իր նպատակին, պետք է անել մեկ բան. «Ամբողջ Հայաստանը պարալիզացնելու ենք»:
Կաշառք ստանալու համար մեղադրվող երկրորդ նախագահը դատարանին տեղյակ է պահում, որ իր համար հասկանալի չէ, թե ինչի մեջ են իրեն մեղադրում: «Երբ քննիչին ասացի՝ «այս կամ այս կետն ի՞նչ է նշանակում, այս բառը, այս նախադասությունը, այս լիազորությունների շրջանակը», քննիչն ասաց, որ ինքը պարտավորություն չունի ինձ պարզաբանելու։ Ասաց՝ «եթե համաձայն չեք, ուղղակի գրեք, որ համաձայն չեք, վերջ»»,- դատարանում հիշում է երկրորդ նախագահը:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունում է, որ Ադրբեջանի հետ բանակցվել է Լաչինի եւ «Զանգեզուրի միջանցքը» հավասար կարգավիճակով շահագործելու գաղափարը, բայց Հայաստանի համար դա ընդունելի չէ: «Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված են, ստորագրված են, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի կողմից. ես խոսում եմ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին, եւ Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցում, ընդ որում կրկին, այսպես, ուժի գործադրման արդյունքում եւ նոր ուժի գործադրման սպառնալիքով մեզ համար ակնհայտորեն ընդունելի չի»,- ասում է Արարատ Միրզոյանը:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: