Ադրբեջանի արտգործնախարարությունը տարածած նոր հայտարարության մեջ դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի փոետրվարի 21-ին Փարիզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում հնչեցրած հայտարարությունները։
Բաքուն մասնավորապես Ֆրանսիայի համար անտեղի է համարել Արցախի հայերի իրավունքներից խոսելը, ովքեր, ըստ ադրբեջանական կողմի «դուրս էին եկել սեփական կամքով եւ առանց բռնության կիրառման»։
Սրանով Ադրբեջանի ԱԳ նախարարությունը արձագանքում էր Լեռնային Ղարաբաղի բնակիչների՝ «արագ, անարգել եւ անվտանգ» իրենց տները վերադառնալու իրավունքի ապահովման համար Ֆրանսիայի նախագահի Բաքվի առաջ բարձրացրած պահանջին։
Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Ֆրանսիան նման հարցեր բարձրացնում է այն ժամանակ, երբ 30 տարի «շարունակված հայկական ագրեսիայի եւ օկուպացիայի», ինչպես նաեւ «մինչ օրս օկուպացիայի տակ պահվող ադրբեջանական 8 գյուղերի» մասին երբեք որեւէ մեկնաբանություն չի հնչեցրել։
«Մենք կրկնում ենք, որ Ֆրանսիայի նենգ քաղաքականությունը՝ ուղղված տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելուն եւ խաղաղությանն ու կայունությանը խոչընդոտելուն, որեւէ արդյունք չի տա»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության եզրափակիչ հատվածում։