«Հարգելի՛ Պողոս Պետրոսյան, Ձեր հեռավոր բարեկամը, որին չեք ճանաչել, վերջերս մահացել է։ Նա երեխաներ չունի եւ Ձեզ է կտակել մի ողջ կարողություն։ Այն Ձեզ փոխանցելու համար խնդրում ենք գրել պատասխան նամակ՝ նոտարական աշխատանքները սկսելու համար»։
Եթե այսպիսի նամակ եք ստացել Ձեր էլեկտրոնային հասցեին եւ արդեն ծրագրում եք՝ ինչպես եք ծախսելու այդ ամբողջ գումարը, եւ ինչպես է ստացվել, որ հենց Դուք եք այդ երջանիկը, առաջարկում ենք մի պահ կանգ առնել եւ հիշել՝ գումարն օդից չի ընկնում։
Սա ամենատարածված կիբերխարդախություններից մեկն է, պարզապես նամակները շատ ավելի պրոֆեսիոնալ են կազմված։ Հաջորդ փուլում «հաջողակ ժառանգը» որոշակի գումար է փոխանցում՝ իբր նոտարական եւ այլ ծախսերը կատարելու համար՝ արդյունքում ոչ միայն չստանալով, այլեւ կորցնելով գումարներ։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը տարիներ շարունակ դիմումներ է ստանում՝ ինչպե՞ս ստանալ այդ ժառանգությունը, կամ ինչպե՞ս վերադարձնել արդեն կորցրած գումարը։ Պետք չէ հավատալ, թե որեւէ թագավորի կին որոշել է իր 500 միլիոն դոլարը կիսել եւ հենց Ձեզ է ընտրել՝ որպես արժանի։ «Երբ հարցնում ենք՝ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են Ձեզ ընտրել գումարը փոխանցելու համար, պատասխանում են, թե «գումարը փոխանցողը» հայտնել է, որ Աստված է նրան ընտրել այդ գումարը տնօրինելու համար»,- պատմում է Մարտիրոսյանը՝ ընդգծելով՝ նմանաբովանդակ ցանկացած նամակ պետք է անտեսել եւ անցնել առաջ։ Նամակը չբացելու այդ պակաս «քլիքը» կօգնի խուսափել գումարի կորստից։
Մի շտապեք գումար փոխանցել նաեւ (այլ երկրում բնակվող) Ձեր բարեկամին, որն այդ մասին խնդրում է իր օգտահաշվով՝ հիմնավորելով, օրինակ, թե բանկը չի աշխատում, կամ որեւէ շտապ դեպք է եղել։ Հավանականությունը մեծ է, որ նրա օգտահաշիվը կոտրել են, եւ իր փոխարեն կիբերհանցագործին եք գումար փոխանցելու։ Այս դեպքում խելամիտ կլինի տվյալ անձի հետ կապ հաստատել որեւէ այլ մեսենջերի միջոցով՝ համոզվելու համար, որ հենց ինքն է Ձեզ հետ նամակագրության մեջ եղել։
Ժամանակի ընթացքում մեր երկրում կիբերխարդախությունների տեսակներն ավելանում են։ Եթե տարիներ առաջ ամբողջ աշխարհում կատարվող մեծաթիվ կիբեհանցագործությունների միայն փոքր մասն էր հայաստանաբնակներին առնչվում, ապա այսօր թիվը մեծացել է։ Մինչ այդ խաբեբաները օտար լեզուներով էին աշխատում՝ այդպիսով նվազեցնելով իրենց հանդեպ վստահությունը, սակայն այսօր կարող ենք հանդիպել հայերենով գրագետ կազմված տեքստերի։
Կիբերհանցագործության ձեւերից մեկը հայտնի կայքերին կամ կազմակերպություններին նմանակելն է՝ ֆիշինգը: Մարդուն փորձում են ներկայացնել իրեն հայտնի կայքի նմանակը, որոնց տեսքին նրա աչքը սովոր է։ Հասցեն եւս նմանակված է, եւ նմանակ կայքում անձնական գաղտնաբառը լրացնելով՝ խաբեբաներին են փոխանցվում օգտահաշվի կամ բանկային հաշվի տվյալներ։
Վերջին շրջանում էապես աճել են տելեգրամյան ալիքներով իրականացվող կիբերհանցագործությունները։ Օրինակ՝ որեւէ աղջկա շանտաժ են անում, որ կհրապարակեն կամ հարազատներին, ընկերներին կուղարկեն իր ինտիմ լուսանկարները։ Այդ լուսանկարները կարող են իրական լինել, սպառնացողն էլ կարող լինել, օրինակ, աղջկա նախկին ընկերը, կամ կարող է կիբերհանցագործը կոտրած լինել անձի օգտահաշիվը և վերցնել նկարները։ Մյուս դեպքում լուսանկարները կարող են ֆոտոշոփի ենթարկված լինել։ Երկու կողմն էլ գիտի՝ լուսանկարներն իրական չեն, սակայն շանտաժի ենթակրվողը վախենում է, թե մյուսները չեն հավատա, որ ֆոտոշոփ է։ Հաջորդ քայլով խաբեբան սպառնում է խայտառակել տուժողին, եթե իրեն գումար չփոխանցեն։
Շանտաժ կատարողն էլ շատ լավ գիտի, որ եթե տուժողը դիմի իրավապահ մարմիններին, այդ գործընթացը, միեւնույն է, շատ ավելի ժամանակատար է լինելու, քան հենց նկարների հրապարակումը, եւ գումարն իրեն փոխանցելու համար 1-2 օր ժամանակ է տալիս։ Սամվել Մարտիրոսյանը նման իրավիճակում հայտնված անձանց խորհուրդ է տալիս պարզապես հայտնել ընկերներին, որ հնարավոր է՝ իրենց նկարներ ուղարկեն, եւ որեւէ դեպքում գումար չփոխանցել։ «Այդպիսով նաեւ չենք օգնի, որ այդ հանցագործությունը վերածվի բիզնեսի»,-նշում է մեդիափորձագետը։
Վերը նշված ու նմանատիպ բազմաթիվ դեպքերում խարդախությունից խուսափելու համար բավարար է ընդամենը մի ավել «քլիք» չանելը։ Մեր զրուցակիցը խորհուրդ է տալիս պարզապես կես րոպե ավելի երկար մտածել՝ որեւէ գործողություն կատարելուց առաջ։
«Եթե փոքր-ինչ ավելի ուշադիր լինենք, վստահաբար ծուղակը չենք ընկնի։ Ակնհայտ է, որ, օրինակ, ուշադիր մարդը չի կարող ֆիշինգի զոհ դառնալ, որովհետեւ փաստացի նմանակող կայքի հասցեն այլ է։ Խնդիրն այն է, որ մարդիկ շտապում են, հիմնականում՝ երկու դեպքում՝ կա՛մ վախեցած են, կա՛մ ուրախացած։ Խարդախները հաճախ հենց այդ երկու զգացմունքի վրա են խաղում, չպետք է տրվել դրանց»,-նշում է Մարտիրոսյանը։
Վերջինիս կարծիքով՝ մեդիագրագետ կարող է լինել միայն գրագետ հասարակությունը։ «Մեր խնդիրը մեդիագրագիտությունը չէ, գրագիտությունն է։ Դա կրթական համակարգի խնդիրն է, հետեւաբար հիմնական մեղավորը պետությունն է»։
Ծրագիրը իրականացվել է DCN Global-ի եւ CRI ընկերության հետ համատեղ՝ Հայաստանում Լիտվայի դեսպանատան աջակցությամբ
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: