Անահիտին Վանաձորում բոլորը գիտեն։ Մարդկային վառ կերպար է, քաղաքի գույնը, որ մշտապես լույս ու ջերմություն է տարածում․ նրա մասին են ասում։ Ինքն էլ այսպես է ներկայանում՝ պարուսույց, պարուհի, խորեոգրաֆ եւ ակտիվ քաղաքացի, որը փորձում է քաղաքի կյանքում միայն դրական փոփոխություններ մտցնել։ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի դասախոս Անահիտ Կարապետյանը նաեւ սեփական դպրոցում է հարյուրավոր աշակերտների պարել սովորեցնում։
Ի սկզբանե պարն էր
Դեռեւս փոքրուց կյանքս կապել եմ պարարվեստին։ Տարիների ընթացքում տեսնելով արվեստագետի հետաքրքիր, բազմազան կյանքը՝ հասկացա, որ փոքրիկ պարուհի Անահիտը մեծ տարիքում էլ կարող է հենց դրանով զբաղվել։ Եվ որոշեցի, որ մասնագիտությունս պարարվեստի բնագավառում է լինելու։ Ավարտեցի մեր պարային դպրոցը, հետո, երբ ժամանակը եկավ մասնագիտություն ընտրելու, գնացի թատերական ինստիտուտ։ Եվ, բարեբախտաբար, հենց այդ տարի առաջին անգամ ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում ստեղծվեց պարարվեստի ռեժիսուրա բաժինը, որի առաջին շրջանավարտներից եմ։ Թեեւ քննությունները շատ մեծ խստությամբ էին անցկացվում Երեւանում, բայց նաեւ հաճելի էր, որ դու քո քաղաքում պետական կրթություն ստացած առաջին մասնագետներից ես։ Թատերական բուհն ավարտելուց հետո, երբ դիպլոմ ստացա, ռեկտորը առաջարկեց աշխատանքի անցնել։ Մինչ օրս աշխատում եմ մարզում լավ կադրեր պատրաստելու ուղղությամբ։
Մի քիչ քաղաքականություն՝ փոփոխություն անելու նպատակով
Ինձ համար շատ կարեւոր էր խառնել մի քանի մասնագիտություններ։ Ընտրեցի տուրիզմի կառավարումը, քանի որ ինքս նաեւ կառավարման ոլորտում կայի։ Սովորեցի պետական կառավարման ակադեմիայում։ Այս ոլորտում հայտնվելը նույնպես շատ հետաքրքիր պատմություն ունի։ Ինքս ակտիվ էի թե՛ քաղաքային, թե՛ մարզային եւ թե՛ համապետական խնդիրների, դրանց դեմ պայքարի հարցում։
Եվ մի պահ հասկացա, որ արվեստի մարդ լինելուց զատ ես նաեւ քաղաքացի եմ, որն անտարբեր չի իր կողքը կատարվող տարբեր իրադարձությունների հանդեպ։
Հենց այդ ընթացքում, երբ ակտիվությամբ աչքի էի ընկնում քաղաքում, մեր քաղաքական ուժերից մեկն ինձ առաջարկեց սպասվող ՏԻՄ ընտրություններում ներգրավվել ավագանու կազմում։ Ու քանի որ տարիներ շարունակ հետեւել էի, թե ով ինչ է անում քաղաքի համար, նաեւ շատ գնահատելով այդ մարդու ներդրումը քաղաքային խնդիրների լուծման հարցում՝ անմիջապես համաձայնեցի։
Ինձ համար իրականում խնդիր էր, որովհետեւ միշտ «կուսակցություն» բառի մեջ ինչ-որ վատ բան եմ տեսել։ Մտածում էի՝ ինչպես եմ Անահիտ անվան կողքին տեսնելու որեւէ կուսակցության անուն։ Բայց այս դեպքում մեծ էր նպատակը ինչ-որ փոփոխություն մտցնելու։ Եվ դա էլ հաղթահարեցի։ 2016 թվականի ՏԻՄ ընտրություններում ձեւավորեցիք թվով երկրորդ մեծ խմբակցությունը Վանաձորի ավագանու կազմում։
Երիտասարդների համար
Շատ հետաքրքիր տարիներ էին։ Բազում փոփոխություններից կհիշեմ այն, որ արել ենք երիտասարդկան ծրագրերի մասով։ Բյուջեի քննարկումների ընթացքում տեսել էի, որ երիտասարդական ծրագրերի տողում մշտապես 0 դրամ էր նշված։ Ու առաջին լուրջ ընդդիմանալս հենց այդ հարցում էր։ Եվ իմ հետեւողական աշխատանքի շնորհիվ այս պահին այդ տողում հինգ մլն դրամ կա։ Թող երիտասարդները իմանան, որ կարող են դիմել եւ օգտվել այդ գումարից։
Քաղաքի կառավարման հետ կապված մանրից մինչեւ խոշոր հարցերում փորձել եմ միշտ դերակատարում ունենալ։ Թե որքան է ստացվել, ժողովուրդն ավելի լավ կգնահատի։ Ամեն դեպքում մեծ աշխատանք է տարվել, որը շատ հաճախ չի էլ երեւացել ու մնացել է կուլիսներում։ Բայց այդ տարիների փորձը շատ մեծ բան էր ինձ համար։
Վարակել սեփական օրինակով
Կողքի մարդկանց սեփական փորձով «վարակելու» մի դեպք պատմեմ։ Մեր «Թթու ջուր» հուշաղբյուրի տարածքը շատ մեծ խնամքի կարիք ուներ։ Հետեւի տարածքը, որը կանաչապատ է, շշերով էր լցված։ Շատ կեղտոտ էր։ Մոտ մի շաբաթ բոլորին կոչ էի անում միանալ եւ մաքրել։ Ասում էի՝ եթե անգամ միայնակ լինեմ, գնալու եմ, մաքրեմ։ Ներքին վախ կար, որ մարդիկ չեն գա։ Առավոտյան վեր եմ կացել, շա՜տ անհանգիստ էի։ Տանն ասացի՝ ինձ շատ վատ կզգամ, որ հասնեմ տեղ ու պարզվի՝ մենակ եմ։ Ճանապարհին մեքենայից նկատում էի, որ ինչ-որ մարդիկ կան այնտեղ, մտածում էի՝ եկել են ջուր խմելու։ Հասա տեղ, մեքենայից իջա ու չեք պատկերացնի, թե ինչքան շատ երիտասարդներ էին հավաքվել։ Էդ օրը էնպես խանդավառված ենք էդ աղբի մեջ աշխատել, որ կողքից ոչ մեկը չէր մտածի, թե մենք կեղտոտ, փնթի գործի մեջ ենք։ Էնքա՜ն ուրախ էի, որ մենակ չեմ իմ մտածելակերպի մեջ։ Այդ օրը ինձ միացած ընկերներիցս մեկը հետագայում սկսեց մաքրապատման գործ անել արդեն ամբողջ երկրով մեկ։
Գույները պիտի շատանան, որ մարդիկ մնան Վանաձորում
Ինձ համար իրականում գոյություն ունի մի քանի Վանաձոր։ Երբ շփվում եմ իմ շրջապատի արվեստագետների, երիտասարդների հետ, հասկանում եմ, որ մենք, բարեբախտաբար, այն կորիզն ենք, որը շատ մեծ ապագա է կապում քաղաքի հետ, ուզում է կարգավորել առկա բոլոր խնդիրները եւ շարունակել ապրել, ստեղծագործել այսստեղ։
Երբ մի փոքր ավելի ենք մեծացնում շրջանակը, տեսնում ենք, որ կա վանաձորցիների եւ քաղաքում ապրող ոչ վանաձորցիների մի մեծ զանգված, ովքեր ուղղակի պահի թելանդրանքով են հիմա այստեղ, բայց ցանկացած հաջող առիթի դեպքում մեծ սիրով կլքեն քաղաքը։ Դա ինձ համար այնքան էլ ընկալելի չէ։ Կարծում եմ՝ մեր կորուստները եղել են հենց նրանից, որ քաղաքում ապրող ուղեղները արտագաղթել են։ Թող ներեն ինձ, գուցե շատ լավ մարդիկ կան այսօր, բայց կրթվածությամբ, դաստիարակությամբ, մոտեցումներով մի քիչ զիջող են։
Քաղաքը, պատկերավոր ասած՝ գունապնակ է, որի գույները ինչ-որ մարդիկ են։ Նրանք ուղղակի պիտի շատանան եւ փորձեն իրենց օրինակով մնացածին էլ գույն հաղորդել։ Կա ներուժ, բայց կա նաեւ միջավայրի ազդեցություն՝ պասիվություն։ Ասում են՝ դե՛, Վանաձորը նախկին արդյունաբերական հսկա չի այլեւս, նախկին ակտիվությունը չկա եւ այլն։ Սա տարածվում է մարդկանց վրա։ Իմ կարծիքով՝ յուրաքանչյուրս մեր օրինակով պիտի պայքարենք դրա դեմ եւ այնպես անենք, որ մարդիկ մնան, ապրեն այստեղ եւ առաջին հերթին փոխեն իրենց մտածելակերպը։
Դժվարությունների հետեւում հնարավորություններ կան
Շատերն են մտածում, որ այստեղ չկան հնարավորություններ, չկա ազատ դաշտ, որտեղ կարող են ինքնարտահայտվել։ Բայց ամեն մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը, եւ խոչընդոտներն ուղղակի պետք է հաղթահարել եւ անցնել առաջ։ Այսօր շատ ոլորտներում դաշտը ազատ է, ամեն տեղ չէ, որ կա մրցակցություն։ Իհարկե կան ոլորտներ, որտեղ շատ բարդ մրցակցություն է գնում, բայց մարդն ինքը կարող է ընտրել՝ մտնել այդ ոլորտ եւ մրցակցե՞լ, թե՞ ստեղծել մի նոր բան, որ իր հետ մրցակցեն։ Այս դեպքում ինձ մոտ մի քիչ երեւի գերդաստանից է նաեւ գալիս, մենք միշտ քաղաքում ինչ-որ նորարարություններ ենք սկսել ու դրական օրինակով փորձել ենք մարդկանց ցույց տալ, թե ինչպես կարող է դասավորվել կյանքը։
Ես միշտ փորձում եմ դրական ձեւով ներկայացնել իմ անցած ուղին, բայց էնպես չի, որ դժվարություններ քիչ են եղել։ Փորձություններ միշտ կան՝ շատ-շատ, դրանց մասին մենք հիմնականում լռում ենք։ Երեկոյան ես եւ մայրիկս ենք քննարկում, հետո եղբորս հետ միանում ենք հեռավար կապով եւ փորձում ենք քննարկել։ Ամեն դեպքում, թող ոչ մեկին չթվա, որ կյանքը շատ գունավոր է։ Դա այն ֆոնն է, որը մենք մատուցում, ցույց ենք տալիս, բայց բարդությունները հաղթահարում ենք՝ մեր ներսում մեծ կամք գտնելով։
Վանաձորն իմ ընտրությունն է
Վանաձորը հետաքրքիր ձգողականություն ունի։ Մի կողմից տխուր եւ դեպրեսիվ քաղաք է, մյուս կողմից, երբ դու քաղաքում չես լինում, անտանելի զգում ես նրա պակասը։ Հետ քաշող հետաքրքիր ուժ ունի։ Վանաձորը շատ-շատ սիրում եմ նաեւ շրջակա միջավայրի, բնության, լեռների, անտառների համար։ Եվ դա մեր ունեցած մեծ ուժերից, հարստություններից մեկն է, որը նույնպես պետք է օգտագործել եւ ստեղծել ինչ-որ բարիքներ, որտեղ մարդիկ ե՛ւ եկամուտ կկարողանան ունենալ, ե՛ւ այստեղ եկող մարդիկ կկարողանան քաղաքին ավելի սերտ մոտենալ՝ ավելի լավ ճանաչելու համար։
Վանաձորը ինձ համար նաեւ այն «գույն» մարդիկ են, ովքեր անընդհատ ինչ-որ հետաքրքիր բաներ են տալիս քաղաքին։ Այս քաղաքը ինձ համար հավերժ սիրելու վայր է։ Ես թե՛ քաղաքից եւ թե՛ առավել եւս երկրից մեկնելու եւ մասնագիտական գործունեություն ծավալելու շատ հնարավորություններ եմ ունեցել՝ Իսպանիա, Ֆրանսիա, Գերմանիա․․․ Բայց ընտրությունս միշտ կանգ է առել Վանաձորում մնալու վրա։ Իմ ընկերներից մեկը կատակով ասում էր՝ եթե մի օր հանկարծ դու արտագաղթես, ուրեմն դա կլինի Վանաձորի վերջին շունչը։ Ու տա Աստված, որ մեր նման մարդկանց երբեք չայցելեն այդ մտքերը, դա ցավոք միայն մեզնից չի կախված։ Կախված է ե՛ւ երկրի ընդհանուր վիճակից, ե՛ւ պետության կառավարման տեսակից, թե ինչ քայլեր են արվում՝ մեր այս միտքը պահելու համար։ Բայց ես ցանկանում եմ, որ մենք մեր ապրելու երկիրը, քաղաքը ընտրելու մտքին երբեք չկասկածենք։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։