ՀԱՊԿ-ն Երեւանից անդամակցության կասեցման մասին հայտարարություններ չի ստացել։ Այս մասին ռուսական «РИА Новости»-ին հայտնել են Կազմակերպության քարտուղարությունից։
«Ներկա պահին ՀԱՊԿ քարտուղարությունը ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման մասին հայտարարություններ չի ստացել Երեւանից։ Ինչ վերաբերում է մասնակցության սառեցման մասին թեզին, ապա, ըստ ամենայնի, խոսքը վերաբերվում է կազմակերպության վերջերս իրականացված մի շարք միջոցառումներին Հայաստանի Հանրապետության կողմից մասնակցություն չունենալուն»,-ասել է ռուսական գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին ֆրանսիական France 24-ին տված հարցազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանի անվտանգության հետ կապված պարտավորությունները չկատարելու հետեւանքով ըստ Էության Երեւանը սառեցրել է կառույցին ունեցած անդամակցությունը։