«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» (ԹԻՀԿ) նոր հարցում է ուղարկել Երեւանի քաղաքապետարան՝ կապված 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրություններով ձեւավորված ավագանու անդամների նիստերին հաճախելիության պատկերի հետ։
ԹԻՀԿ-ի կայքում ընդգծվում է, որ կառույցը ստացել է փետրվարի 5-ին նույն խնդրի շուրջ քաղաքապետարան ուղարկված հարցումների պատասխանները, որոնց վերլուծությունների արդյուքնում, սակայն հավելյալ պարզաբանումների անհրաժեշտություն է առաջացել։
Կառույցը քաղաքապետարանին խնդրում է պարզաբանում տրամադրել հետեւյալ չորս հարցերի շուրջ․
- Հաշվի առնելով այն, որ ավագանու 18.06.2009 թվականի թիվ 1-Ն որոշման 39-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերից մեկը ավագանու նիստերից անհարգելի բացակայությունն է՝ ԹԻՀԿ-ը խնդրում է հստակեցնել, թե քվեարկության գրանցումների արձանագրումից զատ ինչպիսի ընթացակարգով են ֆիքսվում/արձանագրվում ավագանու անդամների հաճախումները ավագանու նիստերին: Նաեւ ԹԻՀԿ-ը խնդրում է նշել, թե ինչպես են արձանագրվում ավագանու անդամների ելույթները, հարցերը եւ մասնակցությունը հանձնաժողովների նիստերին:
- Երեւանի ավագանու անդամների կողմից պարզաբանումների կամ այլ հիմքերի/հիմնավորումների/ընթացակարգերի բացակայության պայմաններում ԹԻՀԿ-ը խնդրում է հստակեցնել, թե ինչ սկզբունքով կամ եղանակով է որոշվում ավագանու անդամների՝ նիստերից, քվեարկություններից կամ հանձնաժողովների նիստերից բացակայությունների հարգելի կամ անհարգելի լինելը:
- Քաղաքապետարանի տրամադրած տվյալների ուսումնասիրությունից պարզվում է, որ տեղի ունեցած բոլոր 4 նիստերից բացակայել եւ թվով 42 քվեարկության չեն մասնակցել ավագանու հետեւյալ 5 անդամները՝ Հայկ Մարությանը, Զարուհի Փոստանջյանը, Արտակ Գալստյանը, Թաթուլ Պետրոսյանը եւ Տիգրան Ուրիխանյանը: Երեւանի ավագանու 2024 թվականի փետրվարի 7-ի նիստին քվեարկության է դրվել մանդատից զրկելու վերաբերյալ որոշում ավագանու 5 անդամի, որոնց մեջ, սակայն, ներառված չեն եղել վերոնշյալներից վերջին երեքը (Ա. Գալստյան, Թ. Պետրոսյան եւ Տ. Ուրիխանյան)։ ԹԻՀԿ-ը խնդրում է պարզաբանել, թե ինչ հիմքով է կազմվել լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ ավագանու անդամների ցանկը: Ինչու՞ ներառված չեն եղել Ա. Գալստյանը, Թ. Պետրոսյանն ու Տ. Ուրիխանյանը, եւ ի՞նչ հիմքով են ներառվել Ն. Հայրապետյանը, Ս. Աղեկյանը եւ Գ. Ստեփանյանը:
- ԹԻՀԿ-ը խնդրում է հստակեցնել, թե որոնք են «այլ նորմատիվ ակտերը», որոնցով կարգավորվում են մեր բարձրացրած հարցերը, մասնավորապես՝ Երեւանի ավագանու անդամների բացակայությունները հարգելի/անհարգելի գնահատելու չափանիշները, դրանց համապատասխանության գնահատման մեթոդը, բացակայությունները հաշվառող, հարգելիությունը/անհարգելիությունը գնահատող եւ համապատասխան ռեեստրը վարող կառույցի/ստորաբաժանման/պաշտոնյայի վերաբերյալ տեղեկությունը:
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Երեւանի ավագանու որոշմամբ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը եւ ավագանու ընդդիմադիր մի շարք անդամներ զրկվեցին ավագանու անդամի մանդատից։