Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջին անգամ երկրի անվտանգության կաբինետի հաստատմանն է ներկայացրել «Գազայի հատվածում հետպատերազմյան կարգավորման ծրագիր»։
The Times of Israel-ի փոխանցմամբ մեկ էջից բաղկացած փաստաթուղթը հիմնականում այն սկզբունքների հավաքածուն է, որոնք վարչապետը բարձրաձայնել էր պատերազմի սկզբից ի վեր։
Ծրագիրը սկսվում է մոտ ապագայում նախանշված սկզբունքի սահմանումով․«Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի պատերազմը այնքան ժամանակ, մինչեւ հասնի ՀԱՄԱՍ-ի եւ «Իսլամական ջիհադի» ռազմական ներուժի եւ ուժային ենթակառուցվածքների ոչնչացմանը, պատանդառվածների վերադարձին եւ Գազայի հատվածից երկար ժամանակով բխող սպառնալիքի վերացմանը»։
Փաստաթղթի հաջորդ հատվածում, որը կրում է «Անցումային շրջան» ենթավերնագիրը, նշվում է, որ Իսրայելը առանց հստակ ժամկետներ սահմանելու պահպանելու է Գազայի հատվածում գործողություններ իրականացնելու օպերատիվ ազատությունը։ Այս կետի համար որպես նպատակ սահմանվում են ահաբեկչության վերածննդի կանխումը եւ Գազայից եկող սպառնալիքների վերացումը:
Ընդգծվում է, որ Իսրայելի հետ սահմանների երկայնքով պահպանվելու է ստեղծված անվտանգության գոտին «այնքան ժամանակ, քանի դեռ դրա կարիքը կա»։ Ավելին, ծրագրում հստակ նշվում է, որ Իսրայելը անգամ Գազայի եւ Եգիպտոսի սահմանին Կահիրեի եւ Վաշինգտոնի հետ համագործակցությամբ մտադիր ստեղծել այսպես կոչված «հարավային պատնեշ», որպեսզի կանխի «Գազայի հատվածում ահաբեկչական խմբավորումների վերահաստատումը»։
Նեթանյահուի ներկայացրած փաստաթղթում որպես սկզբունք նաեւ սահմանվում է ողջ Պաղեստինի օկուպացիայի «անհրաժեշտությունը»։
«Իսրայելը ռազմական վերահսկողությունը կպահպանի Հորդանանի արեւմուտքում գտնվող ողջ տարածքի եւ Գազայի (ցամաքային, օդային եւ ծովային տարածքները ողջ սպեկտրով) վրա, ոպեսզի Հուդայում, Սամարիայում ու Գազայի հատվածում կանխի ահաբեկչական խմբավորումների ակտիվությունը, եւ այդ տարածքներից Իսրայելի դեմ բխող բոլոր սպառնալիքները»,-ասվում է փաստաթղթում։
Հաջորդ կետերով նշվում է, որ Իսրայելը ձգտելու է ինչպես Գազայի «դեմիլիտարիզացիայի», այնպես էլ բոլոր կրոնական հաստատությունները, կրթական եւ սոցիալական ոլորտները ընդգրկող «դեռադիկալիզացիայի»։ Վերջինը Իսրայելը հույս ունի իրկանացնել արաբական բոլոր այն երկրների աջակցությամբ ովքեր նման փորձ արդեն ձեռք են բերել։
Քաղաքացիական կառավարումը եւ Գազայի հատվածում հասարակական կարգի պահպանման պատասխանատվությունը, ըստ փաստաթղթի, հիմնված են լինելու վարչական փորձ ունեցող տեղական ուժերի վրա:
Որպես սկզբունք նաեւ սահմանվում է Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ գործակալության (UNRWA) գոյության դադարեցման ձգտումը, որի աշխատակիցները, ըստ իսրայելական կողմի պնդումների, ՀԱՄԱՍ-ի հետ մասնակցել են հոկտեմբերի 7-ի հարձակմանը։
Փաստաթղթի եզրափակիչ հատվածում կրկին մեջբերվում է փետրվարի 21-ին Քնեսետի եւ դրանից առաջ կառավարության կողմից հաստատված հռչակագրի երկու դրույթները, որի համաձայն Իսրայելը կտրականապես մերժում է պաղեստինցիների հետ մշտական կարգավորման հարցում «միջազգային թելադրանքները»։
Նման կարգավորումը Իսրայելում հավանական են համարում բացառապես կողմերի միջեւ ուղիղ բանակցությունների միջոցով՝ առանց նախապայմանների։