Ադրբեջանի արտգործնախարարությունը փետրվարի 23-ին տարածած հայտարարության մեջ արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆրանսիական France 24-ի հետ հարցազրույցի ժամանակ հնչեցրած այն հայտարարությանը, որ Ադրբեջանի ներխուժումը հավանական է։
Բաքվում նման միտքը «անհիմն մեղադրանք» են որակել եւ նշել, որ այն միտված է տարածաշրջանում լարվածության ստեղծմանը եւ խաղաղության գործընթացի խաթարմանը։
«Հայտարարությունները, թե իբր Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա, չի համապատասխանում միջազգային իրավունքի սկզբունքներին եւ առկա փաստերի ակնհայտ խեղաթյուրում է, որը նպատակ ունի մոլորեցնել միջազգային հանրությանը»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Դրանում նաեւ նշվում է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախաձեռնությամբ Մյունխենում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին եռակողմ հանդիպումից հետո նման հայտարարությունները անհարգալից վերաբերմունք են Բեռլինի գործադրած ջանքերի նկատմամբ։
«Հայաստանի նման հայտարարությունները եւ որպես դրա վայր Ֆրանսիայի ընտրությունը Հայաստանի կողմից Գերմանիայի ջանքերի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է, որը դիտվում է որպես խաղաղ գործընթացի վրա Ֆրանսիայի շարունակական բացասական ազդեցության ցուցիչ»,-ասվում է Ադրբեջանի արտաքին գերատեսչության հայտարարության մեջ։