Իսրայելական պատվիրակությունը՝ երկրի հետախուզական ծառայության՝ «Մոսադի» տնօրեն Դավիդ Բարնեայի գլխավորությամբ, ուղեւորվել է Փարիզ՝ մասնակցելու ՀԱՄԱՍ-ի հետ Գազայից պատանդներին ազատելու վերաբերյալ խորհրդակցություններին: Այս մասին հայտնում են իսրայելական լրատվականները։
Իսրայելական Kan ռադիոն հաղորդում է, որ երկրի ղեկավարությունը փոխհամաձայնության շուրջ բանակցություններում բեկման հնարավորություն տեսնում է, որի շրջանակներում ՀԱՄԱՍ-ը պահանջում է Գազայի հատվածի հյուսիսային շրջաներից դեպի հարավային մասեր տեղահանված բնակչության վերադարձի մեխանիզմների ձեւակերպում։
Իսրայելի ռազմական կաբինետը, որը ներառում է կառավարության հիմնական նախարարներին, նախօրեին որոշում էր կայացրել փետրվարի 23-ին իսրայելական պատվիրակություն ուղարկել Փարիզ՝ ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի շուրջ ԱՄՆ-ի, Քատարի եւ Եգիպտոսի ներկայացուցիչների հետ խորհրդակցելու համար:
The Times of Israel-ը նշում է, որ ռազմական կաբինետը իր համաձայնությունը Փարիզ պատվիրակություն ուղարկելու մասով տվել է, երբ տեղեկություններ են հայտնվել «ՀԱՄԱՍ-ի կողմից գործարքի պայմանների վերաբերյալ շփումներում որոշակի ճկունության ցուցաբերման մասին»:
Ավելի վաղ Axios պորտալը, հղում կատարելով իրազեկ աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը փետրվարի 23-ին պատրաստվում է ուղեւորվել Փարիզ՝ մասնակցելու Քաթարի, Եգիպտոսի եւ Իսրայելի ներկայացուցիչների հետ պատանդառվածներին ազատ արձակելու վերաբերյալ բանակցություններին։
Reuters գործակալությունը նույնպես հայտնում է Բերնսի Փարիզ ուղեւրովելու մասին՝ նշելով նաեւ, որ բանակցող մյուս կողմերը լինելու են Քաթքրի վարչապետ Շեյխ Մուհամեդ բեն Աբդուլռահման Ալ Թանին եւ Եգիպտոսի հետախուզության ղեկավար Աբբաս Քամելը: