Վարդահովիտի դպրոցի յոթերորդ դասարանում երկու աշակերտ կա՝ Գագիկն ու Հարութը, իսկ իննամյա դպրոցում յոթ աշակերտ է սովորում։ Առաջին ու հինգերորդ դասարաններ չկան:
Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի փոքրիկ այս գյուղի մշտական բնակիչներն էլ քիչ են: Ամռանը գնում են՝ սեզոնային աշխատանքի, ձմռանը՝ հետ «իջնում». գյուղը 2050 մետր բարձրություն ունի ծովի մակերեւույթից:
Փոքրիկ դպրոցը պահել-չպահելու թեման տարիներ շարունակ օդում է եղել: Մինչ օրս վերջնական որոշում չկա, բայց, հավանաբար, 2026-ին վերջնականապես կփակվի, ու մի քանի աշակերտները կհաճախեն Եղեգիսում կառուցվող դպրոց:
Միայն թե շաբաթն ուրբաթից շուտ է եկել. հնարավոր է՝ եւս երկու տարի չսպասեն: Կրթական գերատեսչության մի քանի ներկայացուցիչներ են վերջերս դպրոց այցելել, ծանոթացել են պայմաններին: Ծնողներից երկուսին են հանդիպել, առաջարկել երեխաներին տեղափոխել հարեւան Հերմոնի դպրոց՝ մոտ 15 կիլոմետր հեռու:
Վարդահովիտցի մի քանի ծնողների կարծիքները կիսվել են. մի մասը կողմ է, որ երեխաներն Հերմոնում դպրոց գնան, մյուս մասն ասում է՝ գյուղում պետք է դպրոց լինի: Դպրոցի յոթ աշակերտներից երեքը Թերմինե Հովհաննիսյանի երեխաներն են: Նրանցից մեկն այս տարի կավարտի, մյուսները երկրորդ եւ յոթերորդ դասարաններում են: Թերմինեն կողմ է, որ իր երեխաներն այլ դպրոց գնան. «Գյուղում ոչ մի զբաղմունք չկա երեխաների համար, ոչինչ չի կատարվում, ո՛չ խմբակներ կան, ո՛չ հնարավորություն՝ դասից բացի որեւէ բանով զբաղվելու: Ամենակարեւորը՝ երեխաներն ընկերներ չունեն, մենակ են: Այլ դպրոցում գոնե դասընկերներ կունենան»։
Ծնողներից Տաթեւ Հակոբյանն էլ կարծում է, որ գյուղն իր դպրոցը պետք է ունենա: Դա էլ որ չլինի, բնակիչները դառնալու են «սարի ժողովուրդ», գյուղն էլ ինչո՞վ է գյուղ լինելու: Գոնե դպրոցով մի քիչ շարժ է լինում, կյանքը չի կանգնում:
«Եթե երեխաներն ավելի լավ կրթություն են ստանալու, դեմ չեմ դրան, բայց ախր գյուղն ափսոս է, ի՞նչ է լինելու դրա հետ»,-ասում է Տաթեւը՝ հավելելով մի կարեւոր հանգամանք եւս. «Տղաս յոթերորդ դասարանում է, հիմա որ մինչեւ իններորդ դասարանը տեղափոխեն Հերմոնի դպրոց, դրանից հետո էլ կա՛մ ավագ դպրոց պետք է գնա, կա՛մ քոլեջ: Այսինքն՝ նորից տեղափոխություն: Դա էլ է սթրես, մինչեւ մի տեղում հարմարվի, նոր փոփոխություն է լինելու»,-ասում է մայրը:
Վարդահովիտ տանող յոթ կիլոմետր ճանապարհը երբեք ասֆալտ չի տեսել: Քարուքանդ ճանապարհով անցնող մեքենաները հաճախ են ճանապարհին մնում: Գյուղում տարվա կեսը ձմեռ է, ձյան բարձրությունը հաճախ գերազանցում է երկու մետրը: Վարդահովիտցնիները հիշում են՝ քանի անգամ են մնացել ճանապարհին ու դիմել փրկարար ծառայությանը՝ իրենց դուրս բերելու համար: Ծնողներն այդ հարցն են բարձրաձայնում՝ ո՞վ է երեխաներին ամեն առավոտ տանելու դպրոց եւ ապահով հետ բերելու:
«Ձմռանը ձյան պատճառով են մնալու ճանապարհին, գարնանը՝ ցեխի: Իրենք պիտի մեքենան հրեն, որ տեղ հասնեն: Ճանապարհը պետք է հիմնանորոգել»,-ասում են՝ հուսալով, որ նորոգման խոստումներն այս տարի իրականություն կդառնան:
Իր կյանքի երեք տասնամյակից ավելին դպրոցում աշխատող Անահիտ Հակոբյանը դեմ է դպրոցի փակմանը: Հասկանում է՝ աշակերտները քիչ են, բայց պնդում է՝ դպրոցն է գյուղը պահում: «Դպրոցն էլ որ փակվի, ի՞նչ գյուղ է մնալու այստեղ»,-հարցնում է դպրոցի աշխատակիցը:
2020-ի քառասունչորսօրյա պատերազմից հետո գյուղը սահմանամերձ է դարձել, բայց համապատասխան իրավական կարգավիճակ չունի: Քարվաճառը գուղից կիլոմետրերի հեռավորության վրա է: Սահման պահող գյուղում, որտեղ առանց այդ էլ մշտական բնակիչները քիչ են, դպրոցի փակումը գյուղի «փակման» դատավճիռ կարող է դառնալ:
Բնակիչները հասկանում են՝ գյուղը պետք է պահել, բայց իրենց ելքուճար չեն առաջարկում՝ ինչ անեն, որ ե՛ւ երեխաների կրթությունն ապահովվի, ե՛ւ գյուղն ապրի:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: