Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ որոշակի ընդմիջումից հետո վերսկսվում են խաղաղության շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում կայացել է Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հանդիպումը, որից հետո որոշում է կայացվել վերսկսել գործընթացը։ Առաջիկա օրերին նախատեսվում է հայկական պատվիրակության հետ բանակցություններ վարել խաղաղության պայմանագրի շուրջ»,-ասել է Բայրամովը։
Նա նաեւ նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանագոտում շուրջ 5 ամիս տեւած խաղաղությունը «մտահոգել է որոշ շրջանակների եւ արվել է ամեն ինչ իրավիճակը փոխելու ու լարվածություն ստեղծելու համար»։
Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքով, Ֆրանսիայի ակտիվացում բանակցությունների ընթացքում կատարված դրական քայլերի համատեքստում, նպաստում է միայն իրադրության սրմանը։
«[Գերմանիայի կանցլեր Օլաֆ] Շոլցի նախաձեռնած հանդիպումից հետո նշվել եւ համաձայնեցվել է խաղաղ գործընթացի զարգացման կարեւորությունը։ Բայց այս ամենից հետո անմիջապես եկավ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, ապա Ֆրանսիայի պաշտպանության նախարարի այցը Հայաստան եւ նրա սադրիչ հայտարարությունները դրա օրինակն են»,-ասել է Բայրամովը։