2013 թվականի փետրվարի 26-ին Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին զվարճացնում է այն միտքը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է իշխանափոխություն անել. «Ծիծաղելի բան եք ասում»: Ոստիկանությունն, ըստ նրա, պարտավոր է արձագանքել Հովհաննիսյանի իշխանափոխության հանրահավաքներին. «Որ հանկարծ որեւէ մեկի քթից արյուն չգա»։
Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կրթության նախարար Արմեն Աշոտյանին զգուշացնում է, որ պատժի այն ուսանողներին, որոնք Տարոն Մարգարյանի ատենախոսության ժամանակ հայհոյում էին լրագրողներին: «Եթե գտնում եք, որ ավելի պինդ երիտասարդներ չկան, քան հանրապետականները, հավաստիացնում եմ, որ կան»,-Աշոտյանին տեղեկացնում է Փաշինյանը: «Նման ոճով հարցադրումը չեմ կարծում, որ կնպաստի, որ Ձեր հետեւից եկողների բանակը կմեծանա»,- պատգամավորին զգուշացնում է նախարարը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երբեք տարբերակում չի դնի՝ ով է ավելի լավ քաղաքական գործիչ՝ Գագիկ Ծառուկյա՞նը, թե՞ ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը. «Երկուսին էլ կարելի է բնութագրել դրական այն առումով, որ մինչեւ հիմա Առաքել Մովսիսյանի վրա կան հաղթանակի արյան բծեր, իսկ Ծառուկյանին էլ կարելի է խրախուսել, որ լուրջ հաջողություններ բերեց Հայաստանի տնտեսական գործընթացներին»:
Խորհրդարանական բրիֆինգների հիմնական թեման ձերբակալված Վարդգես Գասպանին է՝ արդյո՞ք քաղբանտարկյալ է նա: «Մեզնից հետո քաղբանտարկյալներ չեն եղել: Մենք այն ժամանակ (նկատի ունի Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք-Մ. Ա.) պայքարել ենք իշխող ռեժիմի դեմ, կալանավորվել ենք, մի հատ էլ լինի, էլի կանեմ, ես չեմ ափսոսում իմ քայլերի համար, ու ես չեմ էլ ձգտել, որ ինձ համարեն քաղբանտարկյալ»,- ասում է Արմեն Ռուստամյանը:
ԲՀԿ-ն լքած եւ ՀՀԿ-ի տարածքային ցուցակով Արագածոտնի մարզից առաջադրված Բազմասեր Առաքելյանի կողմնակիցները Փարպի գյուղում հարձակվում են մի գյուղացու վրա, որն ասում է, որ ԱԺ ընտրություններին քվեարկելու է ՀՅԴ-ի օգտին: «Ջահել են, խմել են, մի բան են արել: Ոչ մի բան չի եղել»,- իրավիճակը մեկնաբանում է Փարպիի համայնքապետ Իշխան Առաքելյանը:
Մտավորականության ներկայացուցիչները «շատ ճիշտ են համարում» Արմեն Սարգսյանի ընտրությունը որպես նախագահի թեկնածու: «Մեզ գալիս է որպես նախագահ մի մարդ, որը համաշխարհային համբավ ունի: Նա ոչ թե տեղական իմաստով մեծություն է, այլ մեծ ասպարեզ տեսած եւ մեծ փորձ ունեցող մարդ է»,- ասում է նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունում է, որ ո՛չ քանակական առումով, ո՛չ ժողովրդագրական առումով, ո՛չ տնտեսական առումով մենք հավասար դուրս չենք գա Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքում, բայց դա նրան չի խանգարի կռվել: «Եթե խնդիրը գնալու է ռազմական գործողությունների վերսկսմանը, մենք չենք հապաղելու»,- ասում է պաշտպանության նախարարը։
Իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հողին է հավասարեցնում դատարանի մոտ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը, ըստ որի Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: «Ինքը բանակցելու ընթացքում պատրաստ է եղել այդ տարածքները հանձնի նաեւ՝ դեմը ինչ-որ ակնկալիքներ ունենալով, բայց այդ գործընթացն այնուամենայնիվ կասեցվեց, որովհետեւ Հայաստանում փոխվեց քաղաքական իշխանությունը»,- լրագրողին ասում է պարոն Քոչարյանը:
Միջազգային գրոյսմաստեր Լեւոն Արոնյանը հեռանում է ՀՀ-ից: «Շախմատի ասպարեզ ներխուժեցին սպորտաձեւից բացարձակ անտեղյակ նորաթուխ պետական գործիչներ, որոնք մեր հաջողությունները վերագրելով իրենց, սկսեցին ինքնահաստատվել՝ նույնիսկ շանտաժի միջոցով»,- Ֆեյսբուքյան իր էջում գրում է Արոնյանը: «Չկա մի պաշտոնական պարտավորություն Արոնյանի նկատմամբ, որ նախարարությունը չի կատարել»,-հակադարձում է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Հայաստանի պետական պարտքը հասնում է աննախադեպ չափերի՝ նախորդ ամսվա վերջին մոտենալով 9 միլիարդ 282 միլիոն դոլարի։ «Պարտքը անընդհատ ֆիզիկական աճելու է, այդտեղ կարեւոր է, թե տնտեսությունն ինչ տեմպով է աճել: Եթե տնտեսությունն ավելի արագ է աճում, քան պարտքը, ի սեր Աստծո, թող աճի, դա միայն օգուտ կբերի երկրին, եթե այդ ներգրավված միջոցները արդյունավետ են օգտագործվում»,- ասում է Ֆինանսների նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը:
Միանշանակ չեն ընդունում Արցախի իշխանությունների եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը: «Եթե պարզվի, որ այդ հանդիպման ընթացքում ընդունվել են Ադրբեջանի առաջ քաշած պայմաները, ապա դրանք ոչ թե բանակցությունների սկիզբը կլինեն, այլ Արցախի կործանում»,- ասում է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը: