Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել, որ եվրոպական երկրները կարող են զորքեր ուղարկել Ուկրաինա։ Reuters-ի փոխանցմամբ նման հայտարարություն Մակրոնն արել է Փարիզում գումարված համաժողովից հետո, որի ժամանակ եվրոպական 20 երկրների ղեկավարներ քննարկել են Ուկրաինային աջակցության տրամադրման հարցը։
«Այսօր ցամաքային զորքեր ուղարկելու շուրջ կոնսենսուս չկա, բայց ոչինչ բացառել չի կարելի։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Ռուսաստանը չհաղթի»,-ասել է Մակրոնը, որից հետո ավելացրել․ «Ռուսաստանի դիրքորոշումը փոխվել է։ Նա ձգտում է գրավել նոր տարածքներ եւ դիտարկում է ոչ միայն Ուկրաինային, այլեւ շատ այլ երկրների, հետեւաբար այն մեծ վտանգ է ներկայացնում»։
Գագաթնաժողովը հրավիրվել էր Մակրոնի կողմից Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների ակտիվացման ֆոնին՝ համապատասխան արձագանք տալու համար։
ԱՄՆ նախագահի աշխատակազմից Reuters-ի աղբյուր նշել էր, որ ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ ՆԱՏՕ-ն Ուկրաինա զորքեր մտցնելու պլաններ չունեն։
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, մեկնաբանելով Մակրոնի հայտարարությունը, ասել էր. «Ես կարող եմ հաստատել, որ կան երկրներ, որոնք պատրաստ են իրենց զորքերը ուղարկել Ուկրաինա, կան երկրներ, որոնք ասում են «երբեք», այդ թվում՝ Սլովակիան, եւ կան երկրներ, որոնք ասում են, որ այս առաջարկը պետք է դիտարկել»։
Մակրոնը իր խոսքում նշել էր, որ նրանցից շատերը, ովքեր այսօր ասում են «երբեք» Ուկրաինա եվրոպական զորքեր ուղարկելու մասին, նույն այն մարդիկ են, ովքեր երկու տարի առաջ մերժում էին ուկրաինական կողմին տանկեր, ինքնաթիռներ կամ հեռահար հրթիռներ փոխանցելու հնարավորությունը։
Փարիզում ԵՄ առաջնորդների հանդիպմանը, որին մասնակցել են նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեյվիդ Քեմերոնը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը քննարկվել է Ուկրաինային զինամթերքի մատակարարման խնդիրները։
Ֆրանսիայի նախագահը գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է, որ այդ հարցով նոր կոալիցիա է ձեւավորվել, որը Ուկրաինային կտրամադրի «միջին եւ մեծ հեռահարության հրթիռներ եւ ռումբեր խորը հարվածներ հասցնելու համար»։
«Եկեք արդեն խոստովանանք, որ միշտ ենք 6-12 ամիս ուշացել։ Սա էր այսօրվա քննարկման նպատակը՝ ամեն ինչ հնարավոր է, եթե դա օգտակար լինի մեր նպատակին հասնելու համար»,-ասել է Մակրոնը։
Հանդիպմանը որոշում է կայացվել կենտրոնանալ հինգ հիմնական ոլորտների վրա. կիբեր պաշտպանություն, Ուկրաինայում զենքի եւ զինամթերքի համատեղ արտադրություն, ուկրաինա-բելառուսական սահմանի պաշտպանության ուժեղացում, ուկրաինական տարածքների ականազերծում եւ Ռուսաստանի կողմից անմիջական վտանգի տակ հայտնված երկրների պաշտպանություն, ինչպիսին օրինակ Մոլդովան է։