2013 թվականի փետրվարի 27-ին տնտեսագետ Վահագն Խաչատուրյանը կարծում է, որ միայն կայացած միջին խավը կարող է լինել անկեղծ ընտրությունների երաշխիք. «Եթե մենք ունենանք միջին խավ, նրանք կարող են ոտքի կանգնել, դժգոհել, կազմակերպված ձեւով, այլ ոչ թե հեղափոխության ձեւով: Այսինքն՝ նրանք չեն ընդունի ընտրակաշառքը ու տեր կկանգնեն իրենց ձայնին»։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայ ժողովրդին խորհուրդ է տալիս չոգեւորվել Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխությամբ, երբ Մայդանը իշխանությունից հեռացրեց նախագահ Վիկտոր Յանուկովիչին: «Ովքեր մտածում են, որ Հայաստանում Մայդան կլինի, թող Մայդանը իրենց հոր բոստանում լինի»,- անիծում է պարոն Սահակյանը:
«Մարտի մեկ» ՀԿ համակարգող Առաքել Սեմիրջյանը հայտարարում է, որ մարտի 1-ի առնվազն չորս զոհերի մարդասպանները հայտնի են, եթե լինի դատավարություն, ապա ամեն ինչ ի հայտ կգա: «Այսօր այդ մարդասպաններն ազատ շրջում են, մենք գտնվում ենք բացահայտված մարդասպանների երկրում»,- ասում է Առաքել Սեմիրջյանը:
Երկրապահների նախագահ Մանվել Գրիգորյանը միշտ է պատրաստ գնալ առաջնագիծ ու կռվել ադրբեջանցու դեմ. «Հենց ասի ՀՀ նախագահը, կհայտնվենք առաջնագծում»։
ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը հայտարարում է, որ դուրս է գալիս քաղաքականությունից. «Համ ես ձեզնից կպրծնեմ, համ դուք` ինձնից»։
«Դուք սիրված եք»,- ԱԺ պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահի թեկնածու Գեւորգ Կոստանյանին ասում է ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը: «Ձեր մարդկային տեսակն էլ է ինձ սրտամոտ»։
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը համաձայն չէ, որ ուժային մեթոդներով ճնշում են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին, որպեսզի նա հրաժարական տա: «Այն օրը, երբ որ կապացուցվի, որ որեւէ ոստիկանական, կամ ԱԱԾ-ական ճնշում եղել է հոգաբարձուների խորհրդի որեւէ անդամի վրա, այդ օրը ես հրաժարական կտամ»,- ասում է նախարարը:
Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկում է 19 տարի առաջ Երեւանի կենտրոնում Պողոս Պողոսյանի սպանության գործով դատավճիռը վերանայելու Գլխավոր դատախազության դիմումի քննությունը։ «Մի քանի հոգով են ծեծել, սպանել, բայց մենակ Աղամալ Հարությունյանի վրա է գործ հարուցվել, որ իբր անզգուշությամբ մահ է պատճառել, ուղղակի մի անգամ բրդել է, ընկել եւ մահացել է»,- ասում է սպանվածի եղբորորդին՝ Սամվել Պողոսյանը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեք օր անց ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունն առարկություններով վերադարձնում է վարչապետին: «Մեր ժողովուրդը կանգնած է բանակի կողքին, ինչպես եւ բանակը՝ ժողովրդի կողքին, այժմ հանրապետության նախագահն էլ կանգնեց բանակի կողքին»,- հայտարարում է Բաղրամյան պողոտան փակած «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
ԼՀԿ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին դուր չի գալիս, որ «այսպես կոչված քաղաքագետներ, փորձագետներ» հրճվում են Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցներով: «Մոռացե՞լ եք, թե ովքեր են Արցախի մեր եղբայրների ու քույրերի անվտանգությունն այս պահին ապահովում»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է Էդմոն Մարուքյանը:
Ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի սրտով չէ, որ «Պետական գաղտնիքի մասին» օրենքը պատգամավորներին զրկում է բարձրաստիճան պաշտոնյաների առողջության մասին տվյալներ ձեռք բերելու հնարավորությունից: «Ինչպե՞ս պետք է անձինք հավաստիանան, որ պաշտոնյաները չեն տառապում հոգեկան հիվանդությամբ, բայց ԱԺ-ն որոշել է, որ այդ մարդը պետք է դառնա վարչապետ, նախագահ կամ ԱԺ նախագահ»,- դժգոհում է դաշնակցական պատգամավորը: