Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում կարծիք է հայտնել, որ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրս բերումը «ճիշտ կլինի»։
Չբացառելով համապատասխան մարմինների մակարդակով նախկինում նման քննարկումների անցկացումը, Սիմոնյանը նշել է, որ անձամբ դրանց չի մասնակցել եւ ընդգծել, որ ասածը միայն իր կարծիքն է։
«Մենք մեր երկրի սահմանները կպաշտպանենք, իսկ ես վստահ չեմ, որ իրենք մեր երկրի սահմանները կպաշտպանեն։ Դուք վստա՞հ եք։ Ապացուցվեց մի քանի անգամ, որ իրենք չպաշտպանեցին, հլը չեմ ասում, որ հաճախ նաեւ ամեն ինչ արեցին, որ էդ սահմաններն ավելի խոցելի լինեն։ Եկան Լեռնային Ղարաբաղ ի՞նչ արեցին, հայ ժողովրդին դուրս ուղեկցեցին, հետո էլ հինգ հոգի մարդ, երկու-երեք ժամ հետո` իրադարձությունների ավարտից հետո, մահացան ռուս խաղաղապահներից, ասեցին՝ «տեսաք, մենք ոնց էինք աշխատում, մեր խաղաղապահներն էլ մահացան», hինգ ժամ հետո։ Եկան հայերին ուղիղ գցեցին դուրս, է՞դ էր պաշտպանելը։ Մի օր էլ գան «Զվարթնոց»-ից ինձ ու ձեզ ուղեկցեն դուրս»,-ասել է Սիմոնյանը։
ՀՀ ԱԺ նախագահը նաեւ նշել է, որ տեղյակ չէ թե ինչ իրավական հիմքով են ռուս զինվորականները կանգնած Ներքին Հանդի հատվածում։
«Ես չգիտեմ՝ իրավական հիմքի վերաբերյալ, բայց պետք է ասեմ, որ դա նույնպես քննարկման առարկա է»,-ասել է Սիմոնյանը եւ ավելացրել «Ինչ-որ ժամանակահատվածում, երբ որ իրավիճակը լարված էր, այդտեղ ինչ-որ մաս՝ այսպես ասած պատասխանատվության գոտի, վստահվել է, եթե չեմ սխալվում, ու, կարծում եմ, այդ իրավական հարցը մենք պետք է լուծենք»։