Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները հիասթափված են Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման գործարքի նոր առաջարկվող պայմաններից։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում կատարելով իսրայելցի երկու պաշտոնյաների, որոնց անունները չի նշում։
Ըստ նրանց՝ Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ բանակցություններում որպես միջնորդներ ներգրավված Կատարի ներկայացուցիչները իսրայելական իշխանություններին փոխանցել են, որ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաները «հիասթափված են» պատանդների փոխանակման գործարքի համար առաջարկված նոր պայմաններից:
Այսօր արդեն Կատարի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ «ներկայումս Գազայի հատվածում հրադադարի եւ պատանդների ազատ արձակման շուրջ բանակցություններում բեկում չկա»։
Axios-ի զրուցակիցներից մեկի խոսքով՝ Փարիզում միջնորդների հետ քննարկումների ժամանակ իսրայելական կողմը չի կարողացել առաջարկել այնպիսի պայմաններ, որոնք ավելի ընդունելի կլինեին ՀԱՄԱՍ-ի համար։ Այս առումով աղբյուրը նշել է, որ առայժմ «Այն առաջընթացը, որն Իսրայելը ձեռք էր բերել միջնորդների հետ Փարիզում, չի փակել ունեցած բացերը ՀԱՄԱՍ-ի հետ։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է համաձայնություն ձեռք բերվի Ռամադանից առաջ»։
Երեքշաբթի ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները ստացել են Գազայի հատվածում Փարիզի կողմից մշակված զինադադարի ծրագիրը։ Այն ենթադրում էր 40 օր հրադադար եւ պաղեստինցի բանտարկյալների փոխանակում պատանդառված իսրայելացիների հետ՝ տասը մեկի դիմաց սկզբունքով։ Սպասվում էր, որ ՀԱՄԱՍ-ը Իսրայելում պահվող 400 պաղեստինցի բանտարկյալների դիմաց ազատ պետք է արձակեր 40 իսրայելցի պատանդների, այդ թվում՝ կանանց, մինչեւ 19 տարեկան երեխաների, 50-ից բարձր տարեցների եւ հիվանդների։ Փարիզի նախաձեռնությունը նաեւ ենթադրում էր տեղահանվածներին աստիճանաբար վերադարձնել Գազայի հյուսիսային շրջաններ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հույս էր հայտնել մինչեւ մարտի 4-ը հրադադարի հասնելու մասին։ Նա անեւ հայտարարել էր, որ Իսրայելի կառավարությունը պատրաստակամ է չնախաձեռնել ռազմական գործողություններ մուսուլմանների Ռամադան սուրբ ամսվա ընթացքում։