Մոտ վեց տարի սահմանադրական փոփոխությունների մասին խոսող վարչապետ Փաշինյանը նախորդ ամիս շրջանառության մեջ դրեց նոր սահմանադրություն ունենալու հարցը։
Փետրվարի 7-ին ԱԺ-ում վարչապետը չթաքցրեց, որ փոփոխությունները «նոր սահմանադրություն» անվանելու բուն նպատակը Սահմանադրության նախաբանից անկախության հռչակագրին արված հղումը հանելն է, այլապես «խաղաղությունն անհնար է»։
Վարչապետը պնդում է, թե «նոր սահմանադրություն» ունենալու անհրաժեշտությունը ոչ մի կապ չունի Ադրբեջանից հնչող համապատասխան պահանջի հետ։
Ենթադրենք։
Բայց գործող Սահմանադրությունն ունի փոփոխման ոչ ենթակա հոդվածներ, ինչը փաստացի անհնար է դարձնում «նոր սահմանադրություն» ունենալը։ Ավելին, փոփոխման ենթակա չէ նաեւ Սահմանադրության նախաբանը։
Այդպիսի որոշում է կայացրել Սահմանադրական դատարանը 2021-ի ապրիլի 29-ին (ՍԴՈ-1590, էջ 10, 5.2-ի ա) ենթակետ), իսկ ՍԴ որոշումները վերջնական են եւ բողոքարկման ենթակա չեն։
Պետք է նկատել նաեւ, որ այս հարցում ՍԴ-ում կոնսենսուս կա. վերոնշյալ որոշման վերաբերյալ ՍԴ հինգ դատավոր չորս հատուկ կարծիք է գրել, եւ ոչ մեկը որեւէ վերապահում չի հայտնել Սահմանադրության նախաբանի անփոփոխելիության կապակցությամբ։
Ավելին, դատավոր Վահե Գրիգորյանն այնքան է արժեւորել ՍԴ որոշման այդ հատվածը, որ իր հատուկ կարծիքում մոտ երեք էջ հիմնավորել է դրա կարեւորությունը։
Փաշինյանը, այսպիսով, հանդես է գալիս Սահմանադրության՝ փոփոխման ոչ ենթակա դրույթ փոխելու նախաձեռնությամբ, մարտահրավեր նետելով Հայաստանի պետականությանը։ Օրուգիշեր ինքնիշխանությունից խոսող Փաշինյանի ուզած «նոր Սահմանադրությունը» հնարավոր է միայն պետության լուծարմամբ, եւ այս նախաձեռնությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ Հայաստանի Հանրապետությունը լուծարելու ձեռնարկ։
Վարչապետը նույնիսկ հայտարարել է, որ «դա քննարկվող տարբերակներից» մեկն է. «նոր սահմանադրություն՝ չորրորդ հանրապետության համար»։
Այսպիսով, վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գլխին բերած ամենամեծ արհավիրքի համար պատասխանատվությունից խուսափելու փորձերի արդյունքում Փաշինյանը մի կողմից Հայաստանը ներքաշում է Արեւմուտք-Ռուսաստան առճակատման հորձանուտ, մյուս կողմից՝ հանդես գալիս պետությունն ապամոնտաժելու նախաձեռնությամբ՝ երկիրն առաջնորդելով դեպի քաոս ու աղետ։
Ռաֆայել Թեյմուրազյան