Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աթենքում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ հույս է հայտնել, որ փետրվարի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի Բեռլինում սպասվող հանդիպման ընթացքում առաջընթաց կարձանագրվի խաղաղության համաձայնագրի շուրջ քննարկումներում։
«Տարածաշրջանային իրավիճակը մեր քննարկման թեմաներից մեկն էր։ Ես վարչապետ Միցոտակիսին պատմեցի Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու համար մեր գործադրվող ջանքերի մասին։ Պատմեցի նաեւ առկա խնդիրների մասին, թե ուր ենք մենք հասել, թե ինչ խնդիրներ կան հետագա առաջընթացը ապահովելու համար։ Իհարկե, տեղյակ եք, որ առաջիկայում սպասվում է Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը եւ պետք է հույս ունենալ, որ այդ հանդիպման ընթացքում հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել»,-ասել է վարչապետը։
Փաշինյանն իր խոսքում նաեւ ընդգծել է, որ Հունաստանի վարչապետի հետ քննարկման թեմաներից մեկը եղել է անվտանգության եւ պաշտպանության ոլորտը։
«Պաշտպանության ոլորտում մենք ունենք բավականին երկար համագործակցության պատմություն։ Համոզված եմ, որ մեր համագործակցությունը ավելի արդյունավետ կդառնա»,-ասել է Փաշինյանը։
Վարչապետ Միցոտակիսն էլ իր խոսքում անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին եւ խաղաղության օրակարգին նշել էր․ «Դիվանագիտական տեսանկյունից Հունաստանը միշտ ձեր կողքին է՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ձեւավորելու եւ ստորագրելու համար, որովհետեւ միայն կայուն խաղաղության պայմանագիրը Հարավային Կովկասում ավելի լավ ապագայի ճանապարհ կարող է բացել»։