Փարիզում քննարկված թեմաներից մեկը այն է, որ ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի երկրները Ուկրաինա զորքեր չեն ուղարկի։ Այս մասին գերմանական NTV-ի փոխանցմամբ լրագրողներին ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ֆրայբուրգ Իմ Բրեյսգաու քաղաք կատարած այցի ժամանակ։
«Հերթական լավ երկխոսության շրջանակներում մենք քննարկել ենք այն, ինչի շուրջ պայմանավորվել էինք ամենասկզբից, որը վերաբերվում է նաեւ ապագային, այն է, որ Ուկրաինայի տարածքում չեն լինի ցամաքային ուժեր եւ զինվորներ, որոնք այնտեղ կուղարկվեն եվրոպական երկրների կամ ՆԱՏՕ-ի կողմից»,-ասել է Շոլցը։
Կանցլերը նաեւ «շատ կարեւոր առաջընթաց» է անվանել այն, որ արեւմտյան որոշ երկրների մեջ նման ըմբռնում կա։
Շոլցը նաեւ ընդգծել է, որ արեւմտյան երկրները «պատրաստակամություն ունեն Եվրոպայից դուրս եվրոպական միջոցներով զինամթերք գնելու հարցում՝ Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու համար»:
Փետրվարի 26-ին Փարիզում կայացած Ուկրաինայի հարցով համաժողովից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ չի կարելի բացառել արեւմտյան երկրներից Ուկրաինա զորք ուղարկելու հավանականությունը։