2013 թվականի փետրվարի 28-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը 2012-ին հինգ տոկոս քվեով խորհրդարան մտած «Ժառանգությանը» խորհուրդ չի տալիս ԱԺ արտահերթ ընտրություններ պահանջել: «Էս մի անգամ 5 տոկոսից ավելի վերցրել են, լուծարելուց հետո ի՞նչ պիտի լինի՝ իրենք իրենց տունը քանդո՞ւմ են»,-զգուշացնում է պարոն Սահակյանը:
Դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը համաձայն չէ, որ մարտի 1-ը կբացահայտվի միայն իշխանափոխությունից հետո՝ այնտեղ բացահայտելու բան էլ չի մնացել. «Որ ոստիկանի զենքից կոնկրետ ո՞վ է զոհվել, որպեսզի հնարավոր լինի պատասխանատվության ենթարկել… Սրա համար պետք չէ իշխանափոխություն անել»:
Հայաստանյան 22 ՀԿ-ներ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին՝ անհանգստության նամակ են ուղարկել այն բանի համար, որ ՄԱԿ-ի եվրոպական մի շարք կառույցներ տեղափոխվում են Ստամբուլ: «Թուրքիայի գործող նախագահի համար վիրավորանքի բարձրագույն չափանիշը հայ բառն է»,-գրում են նամակի հեղինակները:
Գյումրու կիսախարխուլ շինություններից մեկում պատսպարված հինգ մանկահասակ երեխաներ ունեցող անօթեւան ընտանիքի հայրը ինքնասպանություն է գործում անասնագոմում: «Ռուսաստանից եկավ ու ինքնասպանություն գործեց»,-ասում է մահացածի կինը:
ԱԺ ընտրություններին մասնակցող ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանն այսօր գիտի, որ Հանրապետականի անունից ընտրողներին ներկայանալն իրեն հաստատ չի օգնի, ավելին՝ կխանգարի։ «Որովհետեւ հանրության մեջ լուրջ դժգոհություններ կան, բնականաբար դա իր ազդեցությունը կթողնի իր ռեյտինգային վարկանիշի վրա»,-ասում է ռուսական «Տաշիր գրուպ» ընկերության ղեկավարի եղբայրը:
ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ քննադատում է «օպտիմալացում» երեւույթի կառավարության պատկերացումը: «Պաշտոնյաների կանայք տան աղբը ծառայողական մեքենաներով տանում են աղբանոց, ինչքանո՞վ է սա բարոյական»,-դժգոհում է պատգամավորը:
Իրանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ համայնքին պարզաբանում է, թե ինչու է սկսել ավելի հաճախ մտածել Պապ թագավորի մասին: Պատճառն, ըստ նրա, մեր թագավորներին օտարների ձեռամբ դավադրաբար սպանելու փաստն է: «Մենք պետք է վերադառնանք 374 թվական ու թույլ չտանք Պապ թագավորի սպանությունը՝ ամենամեծ դավադրությունը մեր ժողորդի նկատմամբ»,-ասում է վարչապետը:
ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ողջունում է Ջալալ Հարությունյանին Ղարաբաղի պաշտպանության նախարար նշանակելու փաստը: «Ջալալը արժանի փոխարինող (նախկին նախարարի) կլինի՝ ԶՈՒ-ի ուժեղացման, փոփոխությունների մասով, որն անհրաժեշտ է մեր երկրին՝ որպես ընդհանուր անվտանգային համակարգ»,-ասում է Քոչարյանը:
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը միանում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցություններին, բայց արձանագրում է. «Այս 17 կուսակցություններից շատ-շատերի հետ ես «խաղաղ» պայմաններում որեւէ պարագայում քաղաքական ճանապարհ չէի անցնի եւ չէի համագործակցի»:
Մարտի 1-ի զոհերից մեկի հայրը՝ Սարգիս Քլոյանն ուզում է անձամբ հանդիպել ՀՀ վարչապետի հետ ու հասկանալ՝ ինչո՞ւ մարտի 1-ը բացահայտված չէ. «Ամբողջ ժողովրդի առաջ, մեր առաջ ասեց (Փաշինյանը-Մ. Ա.), որ Մարտի 1-ը բացահայտված ա։ Բա որ Մարտի 1-ը բացահայտվված է, ես խի՞ չեմ տեսնում այդ էդ Մարտի 1-ի բացահայտումը»։
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը պատրաստ է հանգստացնել ռուսներին՝ Հայաստանում ԵՄ 100 անզեն դիտորների տեղակայումը ոչ մեկի դեմ ուղղված չէ, այն այստեղ է միայն խաղաղությանն աջակցելու նպատակով: «Ասել, թե անզեն դիտորդական առաքելությունն ուղղված է որեւէ մեկի դեմ, իրականում նշանակում է աղավաղել փաստերը»,-ասում է Կլաարը: