«Քո աշխատանքի բանալին» նախաձեռնության արդյունքներն ամփոփված են, մրցույթի հաղթողը՝ որոշված:
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ «Sololearn» ընկերության անցկացրած «Քո աշխատանքի բանալին» նախաձեռնությունը ի մի էր բերել 15-29 տարեկան շուրջ 150 մասնակիցների՝ ՀՀ տարբեր մարզերից:
Անվճար դասընթացին մասնակցելու համար մարզաբնակ երիտասարդների համար բավական էր տեխնոլոգիական գիտելիքներով հետաքրքրված լինելը եւ ծրագրին գրանցվելը, մնացածը հոգացել է կազմակերպչական թիմը:
Մասնակցության ընթացքում երիտասարդներն առանց մարզից դուրս գալու, ռեսուրս եւ ժամանակ ծախսելու «Sololearn» օնլայն հարթակի միջոցով ստացել են ծրագրավորման տարբեր լեզուների վերաբերյալ բազային գիտելիքներ, անցել բազմաթիվ դասընթացներ: Մասնակիցները պատմում են, որ բացի սիրելի մասնագիտության հիմունքներին ծանոթանալուց, զուգահեռաբար հնարավորություն են ունեցել մրցակցել եւ միավորներ վաստակել։
Ուսումնառության ընթացքում դասընթացներից ամենաշատ միավորներ հավաքած երիտասարդը գյումրեցի Սլավիկ Ավետիսյանն է, նա է ստացել գլխավոր մրցանակը՝ Iphone 15 pro։
«Նախաձեռնությունը գերազանցեց բոլոր սպասելիքներս, առաջին հայացքից բարդ թվացող ծրագրավորման մասին գիտելիքները դեռ այսքան հեշտ ու հասանելի չէին եղել»,-ասում է Սլավիկը։
Լավագույն մյուս 10 մասնակիցները, ովքեր եւս դասընթացներից վաստակել էին առավելագույն միավորներ, հնարավորություն են ստացել անցնելու վարձատրվող փորձառություն հեղինակավոր ՏՏ ընկերություններում՝ սկսելով իրենց աշխատանքային ուղին տեխնոլոգիաների աշխարհում:
Ամփոփիչ միջոցառման ընթացքում մասնակիցները հանդիպել են ՏՏ առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց հաջողության պատմությունները, քննարկել տեխնոաշխարհում հաստատուն տեղ ունենալու բանաձեւերը:
Մարզաբնակ բոլոր երիտասարդների համար, ովքեր չեն հասցրել մասնակցել ծրագրին, նախաձեռնող խումբը լավ նորություն ունի. մարտի մեկից մեկնարկում է երրորդ փուլը:
Նշենք, որ «Հայաստանում աշխատուժի զարգացման» հնգամյա ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը։ Այն իրականացնում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը եւ կոնսորցիումի գործընկերները՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Հայ օգնության ֆոնդը եւ ՍԻՎԻՏՏԱ Հայաստանը։

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։