Քարանձավային պատեր հիշեցնող մռայլ սենյակը լուսավորում են ջերմ դեղին լույսերը։ Գետնին ավանդական գորգեր են, իսկ պատերին՝ ժամանակակից արվեստագետների աշխատանքներ։ Փայտե մեծ լուսամուտներ եւ փայտե նստարաններ, որոնց վրա անկանոն շարված են բարձեր, իսկ սեղանին կանոնավոր դրված են չրերով լի ափսեները, որոնք տնական միջավայր են ստեղծում։
Գյումրիում մի քանի ամիս առաջ է բացվել է Օդան։ Այն սենյակ է, որը մտել է մեր մշակույթի մեջ՝ որպես մի վայր, որտեղ մարդիկ հավաքվում էին հին ժամանակներում։
«Օդան բնական շփման վայր էր։ Տարածք, որտեղ մարդիկ իրար պատմություններ, հեքիաթներ են պատմել, կիսվել են նորություններով, հյուրեր են ընդունել։ Ուսումնասիրելով հասկացանք, որ մեր օրերում բացակայում են օդաները։ Խորը խորհուրդ են պարունակում դրանք, ու պիտի էդ խորհրդի վրա մենք վերակառուցենք մեր հիշողությունը ու շարժվենք առաջ»,- պատմում է Օդայի նախաձեռնողներից արվեստագետ Հրաչ Վարդանյանը։
Հրաչն ասում է՝ բոլորը լսել են, որ Գյումրին մշակութային քաղաք է, ինչու չէ նաեւ մշակութային մայրաքաղաք։ Սակայն, ինքը լինելով Գյումրեցի, ապրելով այնտեղ՝ կարծում է, որ ներկայանալու ձեւի շատ անհամաձայնություններ կան։
«Փաստացի, մարդը, որն առաջին անգամ գալիս է Գյումրի, մակերեսային շերտի վրա չի կարող տեսնել այն, ինչ մենք կուզեինք, որ տեսնեին։ Այսինքն՝ պետք է ինչ-որ ուղեկից ունենա, որ կարողանա քաղաքի ներքին շերտերի մեջ մտնել։ Օդան հենց էդ մտքով կառուցվեց, որ ի ցույց դնի Գյումրիի ոգեղենությունը»,- պատմում է Վարդանյանը։
Ժամանակին գյուղական տներում օդաները եղել են ավանդույթի, իմաստնության փոխանցման վայրեր։ Սերնդեսերունդ գիտելիքը, պատմությունները երգերի, ժողովրդական պատումների եւ բնական շփման միջոցով ավագ սերնդից երիտասարդ սերնդին է փոխանցվել։
Հրաչը որոշել էր ժամանակակից Օդա ստեղծել, որտեղ կան ինչպես հինն ու ավանդականը հիշեցնող, այնպես էլ ժամանակակից արվեստի նմուշներ։ Այստեղ կազմակերպվելու են ֆիլմերի դիտումներ, ցուցահանդեսներ, հանդիպումներ։ Օդան կարող է դառնալ նաեւ ճաշկերույթի վայր։
Մինչեւ այս գործը սկսելը Հրաչը շրջել է Շիրակի գյուղերում, հանդիպել մարդկանց, որոնք Օդայի հիշողություն են ունեցել։ Ընտանեկան այդ հավաքատեղիները գործել են մինչեւ նախորդ դարի 60-70-ական թվականներ։ Էլեկտրականության, հետագայում նաեւ հեռուստացույցի մուտքը կենցաղ նվազեցրել է Օդայի մշակույթը եւ աստիճանաբար իսպառ վերացրել։
Գյուղական տների այդ բաժիններն այժմ քանդված են կամ կիսավեր վիճակում։ Որոշ մնացորդներ են պահպանվել գյուղերում։ Հրաչը հույս ունի, որ օրերից մի օր կկարողանա իսկական գոնե մեկ օդա վերականգնել։
«Ուզում եմ, որ օդայի զգացողությունը մտնի մարդկանց տները, նախնիների հետ կապ ապահովվող տարածքներ ստեղծեն մարդիկ իրենց տներում եւ էդ ժամանակ մենք հողի վրա ամուր կանգնած կլինենք առաջ գնալու համար»,- ասում է Հրաչ Վարդանյանը։
Գյումրիի մասին խոսելիս նա հիշում է Հայաստանի քարտեզը, որը կնոջ պրոֆիլ է հիշեցնում։ Գյումրին, Հրաչն ասում է՝ հենց այդ աղջկա աչքի տեղում է։ Աչք, որի ներսում լույս կա։ Այդ լույսից ուժ առնելով՝ արվեստագետը երազում է Գյումրին ապագայի քաղաք տեսնել, ոչ թե անցյալի վերհիշումների եւ կորցրածը գտնելու կամ վերականգնելու քաղաք։
Աստղիկ Հովհաննեսով