Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակվելու նախապատրաստությունների մասին տեղեկությունները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «հորինվածքներն են»։ Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիեւը Գերմանիայի տնտեսության արեւելյան կոմիտեի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
«[ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ] Բորելը ասել է, որ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, ապա դա դառը հետեւանքներ կունենա։ Նախ, որտեղի՞ց Բորելին այս տեղեկությունը, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա։ Մենք նման ծրագրեր չունենք» ,-ասել Ալիեւը իր խոսքում եւ ավելացրել․ «Դրանք պարոն Մակրոնի ակնարկներն են։ Այս ամենը Ֆրանսիայի հակաադրբեջանական քաղաքականության մի մասն է, որը հիմնված է մեր երկրի դեմոնիզացման վրա՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման իբր նախապատրաստվելու պատճառով»:
Ալիեւը նաեւ նշել է, որ Ադրբեջանը կարող է դիտարկել Եվրախորհրդից դուրս գալու հավանականությունը, եթե մեկ տարվա ընթացքում չվերականգնվեն ԵԽԽՎ-ում իր պատվիրակության իրավունքները։
«Ինչպես գիտեք, մենք որոշել ենք չմասնակցել այս կառույցի նիստերին, քանի որ եթե մենք իրավունք չունենք մեր դիրքորոշումն արտահայտելու, ապա ինչո՞ւ պետք է այնտեղ լինենք։ Եթե մեկ տարվա ընթացքում մեր պատվիրակության իրավունքները չվերականգնվեն, ապա մենք կարող ենք լրջորեն քննարկել Եվրախորհրդից ամբողջական դուրս գալու հարցը»,-ասել է Ադրբեջանի նախագահը։