Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 28-ին Բեռլինում հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ նույն օրը Բեռլինում երկու երկրների նախարարների մասնակցությամբ անցկացվող քննարկումների ընթացքին։
Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումները, որոնք արտացոլված են նաեւ 2023թ. հոկտեմբերին Գրանադայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ, այդ թվում՝ սահմանազատման գործընթացը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի, իսկ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումն ինքնիշխանության եւ իրավազորության հարգման, փոխադարձության եւ հավասարության սկզբունքների հիման վրա իրականացնելու մասով: