Չճանաչված Մերձդնեստրի իշխանությունները Մոլդովայի ճնշման պատճառով կդիմեն Ռուսաստանի օգնությանը։ Նման որոշում կայացրել են բոլոր մակարդակների պատգամավորների համագումարի մասնակիցները, որն անցկացվել է Տիրասպոլում՝ նախագահ Վադիմ Կրասնոսելսկու նախաձեռնությամբ։
«Ընդունել Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդին եւ Պետական Դումային ուղղված դիմումը Մոլդովայի կողմից աճող ճնշման համատեքստում Մերձդնեստրի պաշտպանությանն ուղղված միջոցառումներ իրականացնելու խնդրանքով՝ հաշվի առնելով Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության տարածքում Ռուսաստանի ավելի քան 220 հազար քաղաքացու մշտական բնակության եւ Դնեստրում ռուսական խաղաղապահ ուժերի եզակի դրական փորձը, ինչպես նաեւ բանակցային գործընթացում երաշխավորի եւ միջնորդի կարգավիճակը»,-ասվում է որոշման տեքստում։
Մերձդնեստրի իշխանությունները նաեւ կոչ են անում միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել Մոլդովայի եւ իրենից անկախության ձգտող Մերձդնեստրի միջեւ հասունացող ճգնաժամը կանխելու համար, որի մեղավորությունը Տիրասպոլը բարդում է Քիշնեւի վրա։
Փաստաթղթի ամբողջական տարբերակները կուղարկվեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԱՊՀ-ին, Եվրախորհրդարանին, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ինչպես նաեւ «հինգ գումարած երկու» բանակցային ձեւաչափի մասնակիցներին (Մոլդովա, Մերձդնեստր, ԵԱՀԿ, Ռուսաստան, Ուկրաինա, ինչպես նաեւ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի դիտորդներin):